Ճապոնիայի խորհրդարանը 200 տարվա մեջ առաջին անգամ կայսեր՝ գահից հրաժարվելը թույլատրող օրենք է ընդունել
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել երկրի կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարումն ու այն ավագ որդուն փոխանցումը թույլատրող հատուկ օրինագծին:
Ինչպես նշում է tass.ru-ն, քվեարկությանը մասնակցել է 235 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել՝ թույլ տալով, որ գահը փոխանցվի թագաժառանգ Նարուհիտոյին:
Ընդունված փաստաթուղթը ենթադրում է, որ գահից հրաժարումը կարող է տեղի ունենալ համապատասխան օրենքի հրապարակումից հետո 3 տարվա ընթացքում: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ակիհիտո կայսրն իր պարտականությունները վայր կդնի 2018թ. դեկտեմբերին:
«200 տարվա մեջ կայսեր՝ գահից հրաժարվելու առաջին դեպքը պետության հիմքի, դրա երկարատև պատմությանն ու ապագային առնչություն ունեցող կարևոր հարց է: Կառավարությունը մանրակրկիտ աշխատանք է տանելու օրինագծի իրագործման ուղղությամբ»,-հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ակիհիտո կայսրը 2016թ. հայտարարել էր, որ մտավախություններ ունի առ այն, որ պատկառելի տարիքի պատճառով չի կարող լիարժեք կատարել իր պարտականությունները՝ ասվածի տողատակերում հասկացնելով, որ պատրաստ է հրաժարվել գահից հօգուտ որդու:
Հայտնի է, որ 1933թ. դեկտեմբերի 23-ին ծնված Ակիհիտոն աշխարհում ամենահին միապետական տոհմի ներկայացուցիչն է:
Նշվում է նաև, որ Ճապոնիայի պատմության ընթացքում կայսեր՝ գահից հրաժարվելու վերջին դեպքը տեղի է ունեցել 1817թ.:










