Իրաքի քրդերի 80 տոկոսը կողմ կքվեարկի անկախությանը. քուրդ քաղաքական գործիչ

11:12 • 09.06.17

Իրաքի քրդերի 80 տոկոսը կողմ կքվեարկի անկախությանը։ Այս մասին հայտարարել է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Սաիդ Մամուզինին Sputnik-ի թուրքական ծառայության հետ զրույցում:

«Անկախությունը նաև քրդերի իրավունքն է՝ ինչպես ամեն ժողովրդի: Անկախության վերաբերյալ հանրաքվեն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի նախագիծն էր: Քուրդ ժողովուրդը ցանկանում է այս նախագծի իրականացումը, ցանկանում է իրականացնել իր երազանքը, քուրդ ժողովուրդն ուզում է անկախ Քուրդիստան տեսնել», - ասել է քաղաքական գործիչը՝ սպասվելիք հանրաքվեն որակելով պատմական:

Նախօրեին հայտնի է դարել, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ ապրիլին Իրաքյան Քուրդիստանի երկու ամենախոշոր կուսակցությունները համարվող KDP-ն և KYB-ն արդեն համաձայնության են եկել այդ հարցում:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:

«Ձեր առաջ ծառացած խնդիրները լուծվելո՞ւ են այդ անկախությամբ: Պետք է նախ աչքի առաջ պահել քուրդ ժողովրդի շահերը», - ասել է Ալ Աբադին: