Քաթարն անհիմն է անվանել արաբական երկրների կազմած «ահաբեկչական ցանկը»
Քաթարն անհիմն է անվանել ահաբեկչական ցանկը, որում չորս արաբական պետություններ ներառել են Դոհայից ֆինանսական աջակցություն ստացող մարդկանց և կազմակերպությունների, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել են միասնական ցանկի ձևավորման մասին, որում ներառվել է 59 մարդ և 12 կազմակերպություն, որոնք, ըստ ցանկը կազմողների, ներգրավված են ահաբեկչությանը և ստանում են Քաթարի աջակցությունը:
Ցանկում են, մասնավորապես, հայտնվել Քաթարի հայտնի բարեգործական հիմնադրամները և Բահրեյնում գործող շիա խմբավորումները:
Առանձին անձանցից ցանկում են ներառվել Քաթարում հայտնի մահմեդական աստվածաբան Յուսեֆ ալ-Քարադաուին և Քաթարի նախկին արտգործնախարարի եղբայր Աբդել Ազիզ բեն Խալիֆա ալ-Աթիյան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն երկուշաբթի առավոտյան հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու, դիվանագետներին և հասարակ քաղաքացիներին արտաքսելու, այդ երկրի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների աջակցության և այդ արաբական պետություններում ներքին իրավիճակի ապակայունացման համար: Նրանց հետևել են նաև այլ երկրներ, մասնավորապես՝ Լիբիան, Եմենը, Մալդիվները և Մավրիկիոսը:
Քաթարի արտգործնախարարը հերքել է ծայրահեղական կազմակերպություններին հովանավորելու մեղադրանքները և հայտարարել է, որ Դոհայի դեմ արշավը կապված է երկրի գրանցած հաջողությունների հետ:










