Քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտքից, հետաքննող մեխանիզմների տեղադրմանը հավանություն չի տրվելու. Արցախի նախագահի խորհրդական

21:44 • 18.08.17

 

Քաղաքագետ, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, տեսակետ հայտնեց, որ, ըստ էության, Ադրբեջանը փակել է բանակցությունների վերսկսման բոլոր ծորակները և դեռ պարզ չէ, թե երբ նոր հնարավորություն կբացվի: «Չգիտեմ, թե ինչ կտա այդ հանդիպումը, սակայն լավատեսության հիմքեր չկան»,-ասաց նա: Ըստ նրա՝ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակից, այդ մեխանիզմների ներդրմանը հավանություն չի տրվելու:  

-Նյու Յորքում սեպտեմբերին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, թե հնարել դժվար է, ինչ կա՝ դրա շուրջ էլ բանակցելու ենք: Իսկ ի՞նչ կա, որի շուրջ բանակցում են:

-Մի փոքր բարդ է ասել, թե ինչի շուրջ պետք է բանակցեն կողմերը. ըստ էության, Ադրբեջանը փակել է բանակցությունների վերսկսման բոլոր ծորակները և դեռ պարզ չէ, թե երբ նոր հնարավորություն կբացվի: Չգիտեմ, թե ինչ կտա այդ հանդիպումը, սակայն լավատեսության հիմքեր չկան:

-Բանակցությունները, կարծես, փակուղի էին մտել, հույս կա՞, որ միջազգային ջանքերի շնորհիվ դրանք կվերսկսեն, ի՞նչ ակնկալել, հայկական կողմին, ի վերջո, կհաջողվի՞ սահմանին հետաքննող մեխանիզմների տեղադրման հարցին լուծում տալ:

-Ադրբեջանը ոչ մի կերպ համաձայնություն չի տալիս առաջնագծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման գաղափարին: Այս առումով Հայաստանի և Արցախի տեսակետները վաղուց են հայտնի, միջնորդներին էլ հայտնի է ոչ միայն Ադրբեջանի տեսակետը, այլ նաև նրա մերժման պատճառները:

Քանի Ադրբեջանը չի հրաժարվել հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակից, այդ մեխանիզմների ներդրմանը հավանություն չի տրվելու: Միգուցե ինչ-որ փուլում, իրավիճակի նրբերանգներից ելնելով, Ադրբեջանը սիմվոլիկ համաձայնություն տա, սակայն դրանք կյանքի չեն կոչվելու և մնալուն են օդում կախված այնպես, ինչպես մինչ այս ձեռք բերված այլ պայմանավորվածությունները:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչպես սովորաբար լինում է՝ նախարարների հանդիպմանը նախորդի կամ հաջորդի սահմանին սրացում:   

-Չեմ կարող բացառել. ամեն դեպքում, պաշտպանության բանակն իր անելիքը գիտի, տիրապետում է Ադրբեջանի վարքագծի բոլոր առանձնահատկություններին, հետևում նրա բոլոր շարժերին և անհրաժեշտ պահին իրավիճակին համահունչ քայլեր կձեռնարկի:

- Ապրիլից հետո հայկական կողմը բավականին կոշտացրել էր իր դիրքորոշումը: Մասնավորապես, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասաց, որ ոչ միայն հակառակորդի հնարավոր գրոհը կկասեցնենք, այլ հակառակը՝ Ադրբեջանը կկորցնի նոր տարածքներ: Բանակցություններին կպահպանե՞նք նույն դիրքորոշումը, թե՞ կթուլացնենք՝ ընդհանուր եզրեր գտնելու համար:

-Այստեղ խնդիրը դիրքորոշումը թուլացնելու կամ կարծրացնելու մեջ չէ: Պաշտպանության բանակի խնդիրն է՝ ապահովել Արցախի անվտանգությունը: Եվ եթե իր խնդիրներն իրացնելիս անհրաժեշտ լինի Ադրբեջանին հասցնել այնպիսի հարվածներ, որը նրան նոր տարածքային կորուստների կբերի, ապա պաշտպանության բանակը ոչնչի առջև կանգ չի առնի:

-Հնարավո՞ր է, որ այս ժամանակահատվածում նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացմամբ ՌԴ-ն փորձի իրավիճակը Արցախի շուրջ թեժացնել:

-Անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից՝ մենք անընդհատ աշխատանք ենք տանում մեր բանակի մարտունակության բարձրացման ու մարտունակության ամրապնդման ուղղությամբ: Իրավիճակային ինչպիսի փոփոխություններ էլ լինեն՝ մենք պարտավոր ենք պատրաստ լինել և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ենք տանում: