Էրեբունիում 23-ամյա աղջկա պատանդառուին վնասազերծելու որոշումը կայացվել է ավելի քան 1 ժամ տևած բանակցություններից հետո. ոստիկանության մանրամասները (տեսանյութ)
19.45
ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութում հայտնի է դառնում, որ Էրեբունու բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած անձի հետ տարվել են բանակցություններ:
«Ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից հետո, երբ ակնհայտ եղավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում, իսկ այլ միջոցներով, մասնավորապես, բանակցությամբ հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուին վնասազերծելու որոշում է կայացվել»,- ասվում է տեսանյութում:
Նշվում է նաև, որ պատանդն ու վնասազերծվածը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:
Պարզվել է, որ պատանդ վերցնողը 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանն է, ում կողմից մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է կատարվում:
Ոստիկանությունը հաստատել է Էրեբունու բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցնելուց հետո վնասազերծված տղամարդու ինքնությունը. նա 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
18.00
Բիլիարդանոցում պատանդ վերցված աղջիկը բազմաթիվ կապտուկներ, կտրած-ծակած վերքեր ունի. Էրեբունի ԲԿ տնօրեն
Էրեբունու բիլիարդանոցում պատանդ վերցված աղջկա առողջական վիճակը միջին ծանրության է և նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Նա բազմաթիվ կապտուկներ ունի մարմնի վրա և կտրած-ծակած վերքեր, որոնք հիմա մշակվում են: Աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է, բավականին ստրես վիճակում է գտնվում և համապատասխան բուժօգնություն է ստանում»,-ասաց նա:
Միքայել Մանուկյանը նշեց, որ օրգանների վնասումներ կարծես թե չկան, որովհետև համակարգչային տոմոգրաֆիան և մնացած հետազոտությունները դեռևս ոչ մի վատ բան ցույց չեն տվել:
«Բայց դեռ պետք է իրեն վերակենդանացման բաժանմունքում պահենք, որպեսզի ժամանակ անցնի՝ հասկանանք, թե ինչպես է զարգանում իր առողջության վիճակը»,-ասաց նա:
17.11
Հրազենային վնասվածքով տղամարդը «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել արդեն մահացած վիճակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:
Ի պատասխան հարցին, թե մահացածի մարմնի որ շրջանում է եղել հրազենային վիրավորումը, հիվանդանոցի տնօրենն ասաց, որ չի կարող ասել: Նրա խոսքով՝ տղամարդը մոտ 30-35 տարեկան էր:
17.00
Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության համապատասխան ծառայողներ, կասկածյալը վնասազերծվել է: Քիչ անց ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ վնասազերծված քաղաքացին հիվանդանոցում մահացել է:
Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը դիպուկահար է կիրառել։
16.10
Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ երիտասարդ աղջկա պատանդ է վերցրել՝ սպանության սպառնալիքով:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մնալ դեպքի վայրում:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ, շտապօգնության ծառայողներ։










