Դեմոգրաֆիական այսպիսի պատկերի պարագայում հնարավոր  չէ խուսափել դպրոցների փակման գործընթացից. փորձագետ

22:37 • 30.08.17

ՀՀ-ում ստեղծված դեմոգրաֆիական պատկերի հետևանքով հնարավոր չէր խուսափել դպրոցների օպտիմալացումից, խոշորացումից, բայց գործընթացը էական ազդեցություն չի կարող ունենալ կրթական միջավայրի վրա:  Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե 10-ից ավել դպրոցների  փակումն ինչ ազդեցություն կարող է ունենալ կրթական միջավայրի վրա: Ըստ նրա՝ կարևորն այն է, որ այս գործընթացը դրվագային չլինի և կոնկրետ կրթական միջավայրը բարեփոխելու շարունակական ծրագիր լինի:

«Նախարարությունը գնաց նվազագույն տարբերակով օպտիմալացման: Հիշում եք, որ նախատեսվում էր մինչև 300 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցներն օպտիմալացնել, բայց նախարարությունն ընտրեց մինչև 80 աշակերտ ունեցողի տարբերակը, խուսափել այս իրավիճակից հնարավոր չէր»,- շեշտեց նա:  

Ըստ նրա՝ այս գործընթացի պարագայում կարևորն այն է, որ որակյալ մասնագետները չազատվեն աշխատանքից, բայց, բնականաբար,  մի շարք ուսուցիչներ, վարչական աշխատողներ կզրկվեն աշխատանքից:

«Երեխաների համար  կլինեն  որոշակի դժվարություններ  նաև միջավայրի փոփոխության  առումով, բայց այդ ուղղությամբ արդեն պիտի աշխատեն դպրոցի տնօրենները: Եթե դպրոցում կա 40-50 աշակերտ , ապա դա վատ է, մանկավարժական, կրթության որակի տեսանկյունից  ճիշտ  չէ, ուստի պիտի համապատասխան կրթական միջավայր ստեղծվեր: Կրկնեմ՝ նախարարությունը գնացել է նվազագույն կորուստներով լուծմանը»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնել էր, որ ուսումնական տարվան ընդառաջ փակվելու է 13 դպրոց՝ հիմնականում քաղաքային: