Փողոցների անվանափոխությունից հետո «Ելք»-ը կակտիվացնի գետնանցումների բարեկարգման հարցը. Դավիթ Խաժակյան

21:50 • 31.08.17

Երևանում բոլշևիկ գործիչների անուններով փողոցների անվանափոխությունից հետո Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը ակտիվորեն զբաղվելու է մայրաքաղաքի գետնանցումների բարեկարգման հարցով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: 

«Տարբեր անցումների բարեկարգման հարցով տարբեր ժամանակներում դիմել ենք և շարունակում ենք դիմել քաղաքապետին: Մենք անցումներում խնդիր տեսնելու դեպքում գրություն ենք ուղարկում և բարեկարգման աշխատանքներ տեղի են ունենում, բայց որոշ ժամանակ անց նորից հայտնվում են անմխիթար վիճակում»,- նշեց նա:

Նման ձևով ժամանակավորապես լուծվել է Գրիգոր Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման, Էրեբունի վարչական շրջանը Շենգավիթին կապող կամուրջի նեքևու գտնվող անցումի բարեկարգման հարցը: Այժմ «Ելք»-ը Մաշտոցի պուրակի հարակից անցումի մաքրման հարցն է բարձրացնելու:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ քաղաքապետարանը գետնանցումների հետ կապված խնդիրներին համակարգային լուծում չի տալիս, այդ պատճառով անընդհատ անհրաժեշտություն է առաջանում բարեկարգման հարցով դիմելու քաղաքապետին:

«Ակնհայտ է, պետք է համակարգային լուծում տրվի: Կա՛մ պետք է գետնանցումը մաքրվի և տեղում առևտրի և սպասարկման օբյեկտներ բացվեն, որպեսզի աղտոտում չլինի, կա՛մ պահակակետ տեղադրվի, ինչպես Հայրենիք կինոթատրոնի գետնանցումում»,- ներկայացրեց Դավիթ Խաժակյանը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին Հայրենիք կինոթատրոնի անցումում տեղադրվեցին տեսախցիկներ և պահակակետ, բայց մեկ-երկու տարվա ընթացքում բոլոր տեսախցիկները կոտրվեցին: Ճիշտ է, տեսախցիկներ չկան, բայց անցումը նորմալ վիճակում է, որովհետև պահակակետը շարունակում է մնալ: Ըստ նրա՝ այս տարբերակը կարելի է փորձել Երևանի մնացած անբարեկարգ անցումներում:

«Համակարգային լուծման առաջարկ անպայման կներկայացնենք, ուղղակի այստեղ հաշվարկների խնդիր է: Պետք է տեսնենք, թե որն է ավելի արդյունավետ՝ պահակակետի տեղադրո՞ւմը, թե՞ քաջալերումը, որ այդտեղ առևտրի և սպասարկման օբյեկտներ տեղակայվեն»,- հայտնեց Դավիթ Խաժակյանը: