Global Firepower-ի պես 10 հազ. կազմակերպություն կա, սենյակում նստած՝ աշխարհի բանակ են որոշում. Ա. Հովհաննիսյանն անլուրջ է որակում ՀՀ բանակի վերաբերյալ հրապարակումը
ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ չեն վերաբերում Global Firepower ընկերության՝ աշխարհի ամենաուժեղ բանակների վերաբերյալ ուսումնասիրությանը:
«Նման կազմակերպություններ, «չայնիկ», որքան ուզես, իրենց համար սենյակում նստած՝ աշխարհի բանակ են որոշում: Ըստ որում, ամեն տարի մի նոր ապուշություն են հաղորդում: Այլ բան է, որ դա լիներ Janes-ը»,-Tert.am-ին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ըստ այդ հետազոտության՝ աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում Իրանը զբաղեցրել է 21-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 93-րդ տեղը: Հայաստանին հետևում են Բահրեյնը, Լիտվան ու Տանզանիան: Նշվում է, թե գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը, այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում: Հաշվի են առնվել նաև երկրի աշխարհագրական դիրքը, լոգիստիկ ճկունությունը և բնական պաշարների ծավալը:
Արցախցի ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանը նույնպես լուրջ չի վերաբերվում տվյալ կազմակերպությանը, քանի որ Tert.am-ի հետ զրույցում նախ ասաց, որ առաջին անգամ է լսում այդ կազմակերպության մասին, ապա ավելացրեց. «Արժանահավատ չէ: Այն բոլոր դեպքերում, երբ վարկանիշային աղյուսակը հիմնականում կազմվում է հասանելի զինատեսակների բազմազանությունից, չի կարող ամբողջովին արտացոլել բանակի հզորությունը»:
Ըստ արցախցի ռազմական փորձագետի՝ մեր բանակը շարունակում է մնալ տարածաշրջանում ամենամարտունակը:
«Շատ կարևոր գործոն է գումարտակների հզորությունը, ազգի գոյության, հայրենիքի համար պայքարի գործոնը, իսկ մերոնք այդ խնդիրներն են շփման գծում լուծում: Այլ հարց է՝ քաղաքական պատերազմում ինչպիսի դիրքեր ունենք: Զինատեսակների առկայությունը պատերազմում հաղթելու գրավական չէ. այդպես եղավ ԽՍՀՄ-ի ժամանակ Աֆղանստանի պարագայում»,-ավելացրեց Հրաչյա Արզումանյանը:










