Եթե նա հեռանա՝ փողոցներն արյունով կլցվեն. Ավակովի նախկին խորհրդականը պատմել է ուկրաինական քաղաքականությունում նրա դերի մասին
Ուկրաինայի ՆԳ նախարարի նախկին խորհրդական, Սոցիալիստական կուսակցության ղեկավար Իլյա Կիվան «Гордон» լրատվամիջոցին պատմել է ուկրաինական քաղաքականությունում Արսեն Ավակովի ունեցած դերի մասին:
«Նրա խնդիրն է պահպանել երկիրը: Աստված Ավակովին հնարավորություն է տվել լինել իշխանության մաս և կայունացնել իրավիճակը»,- հայտարարել է Կիվան:
Նրա կարծիքով՝ Ուկրաինան ղեկավարում են մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչ վաճառել:
«Վաճառում են ամեն ինչ: Ես գիտեմ, որովհետև պետական համակարգի ներսում եմ եղել: Այնտեղ չկան սկզբունքներ: Ընդհանրապես: Կա մաքուր պոպուլիզմ, որով մեր աչքերին թոզ են փչում»,- ասել է Կիվան:
Հայազգի Արսեն Ավակովի նախկին խորհրդականը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այն կարևոր դերին, որ խաղում է ՆԳՆ գործող ղեկավարը երկրի իրավիճակի կայունացման գործում:
«Կրկնում եմ՝ Ուկրաինայում շատ գործընթացներ զսպվում են նրա շնորհիվ: Եթե նա հեռանա նախարարի պաշտոնից՝ երկրի փողոցներն արյունով կլցվեն»,- նշել է Իլյա Կիվան:










