Հյուսթոնում ջրի տակ հայտնված քիմիական գործարանում պայթյուններ և քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցել
Ջրի տակ հայտնված Հյուսթոն քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Arkema ընկերության քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցել. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ձեռնարկության տարածքից սև ծուխ է բարձրանում:
Ոստիկանության աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց թունավոր նյութեր շնչելուց հետո: Եվս ինը ոստիկան բժշկական հետազոտություն է անցել:
Գործարանից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տների բնակիչներին տարհանել են պայթյունների և հրդեհի վտանգի պատճառով:
Ավելի վաղ ընկերությունում նախազգուշացրել էին, որ գործարանում վաղ թե ուշ պայթյուն կամ հրդեհ կլինի ջրի տակ հայտնված գեներատորների պատճառով:
«Հարվի» փոթորկի հետևանքով հորդառատ անձրևների պատճառով գործարանի ողջ տարածքը ջրի մեջ է հայտնվել, և էլեկտրամատակարարումը դադարեցվել է: Ռեզերվային գեներատորները նույնպես ջրի տակ են հայտնվել, արդյունքում գործարանի սառեցման համակարգն անջատվել է:










