Վերջին շրջանում Բաքվի քաղաքականության մեջ փոփոխություն է եղել՝ Տավուշի գյուղերում ավելի թիրախային են կրակում. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով 2015 թվականից ծառայում է Տավուշում, վստահեցնում ՝ տավուշեցու խնդիրները ՀՀ մյուս մարզերի խնդիրներից չեն տարբերվում, սակայն գումարվում է սահմանի անվտանգության խնդիրը: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Տավուշում սոցիալական խնդիրները միշտ ստորադասվում են անվտանգության խնդիրներին:
«Մեր ժողովրդի համար առաջնայինը սահմանային անվտանգություն է, բոլոր սահմանային իրադարձությունների նվազեցումը, որ կարողանան, խաղաղ, բարեկեցիկ իրենց աշխատանքով ապրել ՝արժանապատիվ կյանք ունենալով: Համեմատության մեջ մեր ժողովրդի մոտ ավելի նվազ շեշտադրված է սոցիալականը, առաջնային է անվտանգությունը: Մեզ համար շատ բնական է դարձել ապրել սահմանին ու սահմանով՝ այս իմաստով նաև անվտանգությունը կյանքով կրելով»,- ասաց նա:
Սրբազանը շեշտեց՝ տավուշեցին ոչ թե հայրենասեր է, այլ հայրենատեր է և հայրենիքը հեռվից չի սիրում: Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Տավուշի մարզի բնակիչներն արդեն հոգնել են, թեև գտնում է, որ մարդիկ խաղաղության են ձգտում:
«Դժվար է 25 տարի անընդմեջ նույն ցիկլի շրջանառության, սպառնալիքներով ապրել, բայց այդուհանդերձ մարդիկ հանձնառու են, ուզում են ապրել իրենց հողում ջրում, իրենց գերեզմանների հետ: Պետք ասեմ, որ տավուշեցին հպարտորեն ընդունում է, որ իր պատիվն է ՀՀ պետական սահմանը պահելը: Հավատացնում եմ Ձեզ՝ տավուշեցու մյուս խնդիրները Երևանի ու այլ մարզերի խնդիրներից չեն տարբերվում»,-ընդգծեց Սրբազանը:
Հարցին՝ հիմնականում հակառակորդը կրակում է դիրքերի, թե՞ խաղաղ բնակչության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պատասխանեց, թե երկուսն էլ լինում է, սակայն ավելի շատ գյուղերի վրա են կրակում: Սակայն Սրբազանը նկատեց՝ հայկական կողմը համարժեք, ավելի քան համարժեք պատասխաններ է տալիս, որպեսզի հակառակորդի սանձարձակությունը զսպվի:
«Վերջին շրջանում, կարծում եմ, իրենց քաղաքականություն մեջ փոփոխություն է եղել, հիմա նրանց նպատակն է վախի, տագնապի մթնոլորտ ստեղծելը: Գյուղերի վրա ավելի թիրախային են կրակում՝ դպրոց, մանկապարտեզ, այսինքն՝ այնպիսի հաստությունների վրա, որոնց ներկայությունն ապահովում է գյուղի կենսակերպը: Իսկ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում արդեն հանդում աշխատողի վրա էին կրակում: Այս իմաստով մի փոքր ինտենսիվացնել էին տարբեր համայնքների վրա կրակոցները: Բայց վերջին շրջանում հարաբերական անդորր է»,- եզրափակեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:










