«Կենցաղային, փողոցային մակարդակի դիտարկումներ են». Կամո Արեյանը՝ 500 շիշ կոնյակի ու աղբահանության խնդիրների մասին

16:21 • 31.08.17

Մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրները կարգավորվել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամռան այս շոգ օրերին ինչու պատշաճ աղբահանություն չի իրականացվում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում և անգամ կենտրոնում ու Հանրապետության հրապարակում:

«Որոշակի տեխնիկական շեղումներ են եղել, հիմա չկան: «Սանիթեքում» տեխնիկայի հետ կապված խնդիր կար, լուծվեց»,-շեշտեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ աղբահանության խնդիրները կապված են ֆինանսական միջոցների հատկացման հետ՝ Կամո Արեյանն ասաց. «Ո՛չ, պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները քաղաքապետարանը կատարել է»:

Դավիթ Խաժակյանը նաև առաջարկել էր Երևանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ գնելու փոխարեն, որի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 11 մլն 850 հազար դրամ, աղբահանության հետ կապված ֆինանսական հարցերը լուծել:

«Ինչքան էլ խմենք՝ գարշահոտությունը չենք կարող անտեսել»,-ասել էր նա:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Կամո Արեյանն ասաց. «Կենցաղային, փողոցային մակարդակի դիտարկումներ են»։