Պետք է դպրոց չհաճախող երեխաների հարցով ավելի լուրջ ծրագիր ներդրվի, քան ծնողներին տուգանելն է. ՀԿ նախագահ (տեսանյութ)
Շատ բազմազավակ ընտանիքներ ունեն լուրջ ֆինանսական խնդիրներ, որի պատճառով չեն կարողանում երեխաների համար գնել համապատասխան դպրոցական պարագաները և երեխաներին դպրոց չեն ուղարկում։
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը։
Նա նշեց, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 178 հոդվածով երեխաներին դպրոց չուղարկող ծնողների համար նախատեսված է տուգանք՝ 30 հազար դրամ չափով։
«Եթե ծնողը երեխային դպրոց ուղարկելու գումար չունի, ինչպե՞ս նա պետք է տուգանքը վճարի։ Սա գործող մեխանիզմ չէ, պետք է ավելի լուրջ ծրագիր ներդրվի»,- նշեց Մարգարիտա Հովսեփյանը։
Ըստ նրա՝ պետությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետք է հաշվառի այդ ընտանիքներին և սեպտեմբերի 1-ի հետ կապված բոլոր անհրաժեշտ պարագաները տրամադրի նրանց։ Մարգարիտա Հովսեփյանի տեղեկացմամբ՝ թաղապետարաններն այժմ նմանատիպ ծրագիր իրականացնում են, բայց ոչ բոլոր ընտանիքներ են ընդգրկված դրանում։
«Հիմնականում դպրոցներն էլ լուրջ ուշադրություն չեն դարձնում երեխաների դպրոց չհաճախելու խնդրին։ Կան ընտանիքներ, որտեղ ծնողները չեն ուղարկում, բայց կարծես թե, դպրոցն էլ չի ահազանգում։ Դպրոցները շատ ավելի լուրջ ուշադրություն պետք է դարձնեն այս հարցին»,- ընդգծեց նա։
Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքով՝ այս խնդիրը դեռևս 90-ական թվականներից կա, ընդ որում՝ այն ժամանակ համապատասխան դպրոցական պարագաներ չունենալու պատճառով դպրոց չէին գնում և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները։ Ճիշտ է, խնդիրն այժմ այդքան սուր չէ, բայց դպրոց չհաճախող երեխաների թիվը նորից շատ է։
«Ես հիմա այլ բան եմ նկատում։ Եթե առաջ՝ 90-ականներին կրթությունը շատ պարտադիր էր և դրան եռակողմ հետևողներ կային՝ դպրոցը, պետությունը և հասարակությունը՝ ծնողկոմիտեների տեսքով, ապա հիմա կրթությունն այդքան շատ չի կարևորվում՝ մանավանդ գյուղական վայրերում»,- ասաց հոգեբանը։










