Կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

13:18 • 31.08.17

Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ նախորդ շաբաթ նաիրիտցիները  «նախազգուշական» նստացույց են իրականացրել՝ պահանջելով կառավարությունից տրամադրել տեղեկատվություն, թե ինչու մինչև հիմա գործարանում ներդրումներ անելու ցանկություն հայտնած «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին կառավարությունը աուդիտ անցկացնելու թույլտվություն չի տվել:

Ակցիայի մասնակիցների շարքում էր նաև «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից, կաուչուկի արտադրամասի նախկին ղեկավար Գագիկ Ավետիսյանը: Նա անդրադարձավ գործարանում օրեր առաջ բռնկված հրդեհի պատճառներին ու հետևանքներին:

«Ազատության» այն հարցին, թե արդյոք վտանգավո՞ր էր այդ ծուխը, կաուչուկի արտադրամասի նախկին ղեկավարն ասաց.  «Ոչ, այդ ծուխը վտանգավոր չէր: Օրգանական նյութերը, իսկ դա մաքուր օրգանական նյութ էր, ոչ մի անօրգանական միացություն չկար, այրվելիս տալիս են ածխաթթու գազ և ջուր: Եթե այդ ծխի մեջ ծանր մետաղներ լինեին՝ այն այդքան վերև չէր բարձրանա, կիջներ ներքև: Այլ բան է, որ այդ ծուխը՝ որպես ծուխ, կարող է ազդել, ո՞վ է բան ասել։ Եթե շատ լինի՝ ցանկացած մարդու վրա էլ կարող է ազդել, նշանակություն չունի՝ թոքային հիվա՞նդ է, թե չէ»:

Նրա դիտարկմամբ՝ ոչինչ չենք կարող պահանջել այն մարդուց, որ մենակ հերթապահում է ամբողջ գործարանում:

«Ի՞նչ կարող ենք պահանջել այդ մարդուց, եթե ոչ բարձր ճնշման ջուր կա, որը միշտ առկա է եղել գործարանում՝ ձմեռ-ամառ, միշտ պետք է լիներ, որ հրդեհամարման մեքենաները ցանկացած կետից կարողանային ջուր վերցնել: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում, ջուրը դատարկելուց հետո գնում են ինչ-որ տեղից ջուր են լցնում, նորից գալիս են: Եթե ուզում ես անվտանգ լինի՝ այդ բոլոր հարցերը պետք է լուծես: Մարդկանց հանում են, հետո էլ, որ մի դեպք պատահում է, ասում են՝ մենք ամեն ինչ լուծել ենք: Չեք լուծել: Եթե լուծած լինեիք՝ այդ 120 հեկտար տարածքում գոնե ոչ թե 200, այլ մի 500 հոգի պետք է լիներ՝ ամեն արտադրամասում 2 հոգի: Հիմա հրդեհից հետո ասում են՝ գործարանը գիշերային լուսավորություն կունենա: «Գնա մեռի, արի՝ սիրեմ», հա՞ »,-եզրափակեց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցը: