Իմ թիմն եմ հավաքում, որ կարողանամ ճիշտ կազմակերպել իմ աշխատանքը. Դ. Տոնոյան

15:17 • 31.08.17

Ես մասնագետներին եմ տեղավորում: ՊՆ-ի մասնագետները կառավարման լուրջ ունակություններ և հմտություններ ունեն:

Այսպիսի պատասխան տվեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողներից մեկի այն հարցին, թե ՊՆ-ի կադրերին ԱԻՆ տեղափոխելով՝ նախարարն իր մարդկա՞նց է տեղավորում և իր թի՞մն է ստեղծում։

«Այո, ես նաև իմ թիմն եմ հավաքում: Ընդամենը 7 ամիս է, որ աշխատում եմ և իրավունք ունեմ հավաքելու իմ թիմը, որպեսզի կարողանամ ճիշտ կազմակերպել իմ աշխատանքը»,-ասաց նա։

Ի պատասխան հարցի, թե արդյոք հնարավո՞ր է պետական համակարգի, այդ թվում՝ ԱԻՆ-ի ճոխ ծախսերը կրճատել և հրդեհաշիջման տեխնիկա գնել, նախարարն ասաց. «Իսկ դուք գիտե՞ք ԱԻՆ-ի ծախսերը որոնք են, որ ճոխ եք գնահատում, ի՞նչ ճոխություն, իմ «Nissan Patro՞l»-ն է շքեղություն՝ 2008 թ. արտադրության, դա շքեղություն չէ, միայն դրանով կկարողանայի 2500 մետր բարձրանալ»:

Խոսելով «Խոսրովի անտառի» և Արտավանի հրդեհների մասին՝ նախարարն ասաց, որ հրշեջները հրդեհաշիջման աշխատանքները կատարել են շատ արհեստավարժ և արիաբար, նրա գնահատմամբ՝ ուղղակի նկարագրելու չէ, թե ինչ արիությամբ են աշխատել:

«Հրդեհների այդ ծավալը մեզ համար որոշակի դժվարություններ ստեղծեց, բայց դա էլ հաղթահարվեց: Երկիրը, կառավարությունը միշտ պատրաստվում է այդպիսի աղետներին արձագանքելու համար: Տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս միայն Ռուսաստանն ունի հրդեհաշիջման այդ կարողությունը, տեխնիկան: Ինքնաթիռի մեկ թռիչքով իրականացվում է նույն աշխատանքը, ինչ ուղղաթիռների 60 թռիչքով»,-հավաստիացրել է Դավիթ Տոնոյանը: