Զարգացրե՛ք ձեր միտքը, հոգին ու մարմինը. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

10:55 • 01.09.17

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ, որում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:


Առանձնակի շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս այն աշակերտներին, ուսանողներին և մանկավարժներին, ովքեր առաջին անգամ են մտնում իրենց կրթօջախների շեմից ներս, ում կյանքում մեկնարկում է ուսումնառության և մանկավարժական գործունեության առաջին տարին:

Հոգեպես և ֆիզիկապես առողջ, կրթված, խելացի ու ազատ քաղաքացին պետության բարեկեցության ու ազատության գրավականն է: Իսկ որակյալ կրթությունը մեր պետության ու հասարակության կարևորագույն առաջնահերթություններից է: Այն մեր ռազմավարական ռեսուրսն է, որը պետք է շարունակաբար զարգացնենք:

Բոլոր երեխաներն էլ ցանկանում են ճանաչել աշխարհը, ունենալ ընկերներ, ստանալ գիտելիք, սովորել արհեստ կամ զբաղվել արվեստով ու գիտությամբ: Մենք պետք է այդպիսի հնարավորություն ընձեռենք հավասարապես բոլոր երեխաներին՝ միևնույն ժամանակ նրանց մեջ ամրապնդելով այն միտքը, որ արդյունքի հնարավոր է հասնել գիտելիքի, արժանապատվության, ազատության և պատասխանատվության ներդաշնակությամբ:

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, գնահատե'ք ձեր ժամանակը, ձեզ ընձեռված հնարավորությունը, ձեր ուսուցիչների ու դասախոսների ջանքերը, բազմապատկե՛ք ձեր գիտելիքները, զարգացրե՛ք ձեր միտքը, հոգին ու մարմինը, եղե՛ք ձեր ծնողների, ձեր ընտանիքի ու հայրենիքի արժանի զավակները:

Մաղթում եմ, որ բոլորիդ կյանքում դպրոցն ու բուհը լինեն ոչ միայն այն վայրը, որտեղ հանդիպում են գիտելիք ստացողն ու այն փոխանցողը, այլև անկեղծ բարեկամության և ընկերության, ինքնաբացահայտման և ինքնադրսևորման վայր:

Առողջություն, հաջողություն և ամենայն բարիք ձեզ»: