Չինացիներին կպատժեն օրհներգը չհարգելու համար

17:37 • 01.09.17

Չինաստանի բնակիչներին կպատժեն երկրի ազգային օրհներգի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: Այս մասին հայտնում է Channel News Asia հեռուստաալիքը՝ մեջբերելով համապատասխան օրենքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արգելվում է օգտագործել օրհներգը գովազդում և որպես ֆոնային երաժշտություն, ինչպես նաև հնչեցնել այն հուղարկավորության արարողությունների ժամանակ և այլ ոչ պատշաճ դեպքերում:

Դրանից բացի, արգելվում է կատարել օրհներգի ծաղրերգական կամ աղավաղված տարբերակները: Եթե օրհներգը կատարվում է հրապարակային միջոցառման ժամանակ, բոլոր այցելուները պարտավոր են ոտքի կանգնել և երգել: Նոր օրենքի դրույթները խախտելու համար կարելի է դատապարտվել մինչև 15 օր ժամկետով վարչական կալանքի:

Նշվում է, որ իրավական ակտի նպատակն «ազգային օրհներգի պատիվը պաշտպանելը», «հայրենասիրություն քարոզելը» և «սոցիալիստական արժեքները խրախուսելն է»: