Բակո Սահակյանի երդմնակալությունը կլինի սեպտեմբերի 7-ին, իսկ այսօր շահագործման կհանձնվի երկրի շնչերանգը՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղին. Դ. Բաբայան
Վաղը՝ սեպտեմբերի 2-ին Արցախը նշում է անկախության 26-րդ տարեդարձը: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տոնական միջոցառումներն այսօրվանից արդեն մեկնարկել են:
«Այսօր Շահումյանի շրջանում շահագործման կհանձնվի Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, արդեն բազմաթիվ մարդիկ են հավաքված, մասնակցելու են Հայաստանի, Արցախի նախագահները, պաշտոնատար անձինք, մեր բարեկամները, հյուրերը՝ Հայաստանից, Սփյուռքից, արտերկրից: Այս տարի որևէ առանձնահատուկ բան տեղի չի ունենալու, եթե չհաշվենք մայրուղու բացումը, որը կարևորագույն ռազմաքաղաքական և տնտեսական նշանակություն ունեցող շնչերանգ է մեր երկրի համար»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը նշեց, որ վաղը լինելու են ավանդական տոնակատարություններ, Ստեփանակերտի հուշահամալիր այցելություն, կլինի օպերայի բեմադրություն, կլինեն այլ տոնական միջոցառումներ, հրավառություն: Նա նշեց, որ զինատեսակների ցուցադրություն, ռազմական շքերթ չի լինելու, առավել ևս, որ հոբելյանական տարի չէ:
«Ընդհանրապես ազգային-ազատագրական շարժումն իր հետ բերեց հայոց պետականության վերականգնում` թե Հայաստանի, թե Արցախի հատվածում: Իհարկե, անցանք դժվարին ուղի, ագրեսիայի թիրախ դարձանք Ադրբեջանի կողմից, իրենց կողմից սանձազերծած պատերազմը լիակատար ձախողման ենթարկվեց՝ թե՛ Արցախյան առաջին պատերազմը, թե՛ 2016 թվականի քառօրյա պատերազմը: Մեր ամենամեծ ձեռքբերումը անկախ պետականության վերականգնումն է և զարգացումը»,-ասաց նա։
Նախագահի մամուլ խոսնակն ասաց, որ ամեն տեղ Արցախում արդեն տոնական տրամադրություն է:
«Մարդիկ իրոք հասկանում են այս օրվա կարևորությունը, քանի որ այս ամենի համար մեծ գին ենք վճարել: Համայն հայությունը կանգնած է Արցախի թիկունքում»,-ասաց նա և նշեց, որ մեր ազգը հզոր իմունային համակարգ ունի:
Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությանը՝ Դավիթ Բաբայանն հայտնեց, որ այն տեղի է ունենալու սեպտեմբերի յոթին:
«Կարծում եմ, որ այն լինելու է շատ համեստ, և ինչպես որ Սահմանադրության կարգն է` լինելու է Ազգային ժողովի հատուկ նիստ, որևէ այլ բան նախատեսված չէ»,-ասաց նա և նշեց, որ առանձնապես հյուրեր էլ չեն լինելու:










