Կորեական թերակղզում իրավիճակը մասշտաբային կոնֆլիկտի շեմին է. Պուտինի հոդվածը

09:48 • 01.09.17

Չինաստանում սեպտեմբերի 4-5-ին կայանալիք BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) գագաթնաժողովին ընդառաջ հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը՝ «BRICS՝ դեպի ռազմավարական գործընկերության նոր հորիզոններ», գրում է kommersant.ru-ն:


Հոդվածում ի թիվս այլնի Պուտինն ուշադրություն է հրավիրում Կորեական թերակղզու շուրջ իրավիճակին, որը վերջին ժամանակներս «սրվել է և մասշտաբային կոնֆլիկտի շեմին է»:


«Այն հաշվարկը, թե կարելի է ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային ծրագրերը կանգնեցնել բացառապես Փհենյանի վրա ճնշում գործադրելով, սխալ է և անհեռանկարային»,- նշում է Ռուսաստանի նախագահը:


Նա գրում է, որ Չինաստանի հետ Ռուսաստանը մշակել է Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզ»:


Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը Գուամի վրա հարձակման «նախերգանքն էր»:


Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել: 


Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: