Վարչապետն իր ընտանիքի ներդրումների մասին չպետք է խոսի, նրանից անձնական ներդրումներ չենք ակնկալում. Լևոն Բարսեղյան
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը, պաշտոնյաներն իրենց պաշտոնավարման ընթացքում ընտանեկան բիզնեսներից, փողերից չպետք է խոսենք, որովհետև գյումրեցիներն իրենցից ընտանեկան ներդրումներ չենք ակնկալում: Շիրակի մարզի զարգացման ծրագրերի, Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրերի և ակնկալիքների մասին Tert.am-ը զրուցել է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ :
-Պարո՛ն Բարսեղյան, վարչապետը Շիրակում է, քննարկում է մարզի զարգացման ծրագրերը, ինչի կապակցությամբ ասաց՝ «մեր մուսկուլներին համապատասխան քայլ ենք անում»: Մինչ այդ ներկայացրել էր տարբեր ծրագրեր, ընդհուպ մինչև իր ընտանիքի անձնական միջոցներով Գյումրիի փողոցները վերանորոգելու: Որպես գյումրեցի, որպես քաղաքական գործիչ ի՞նչ կասեք՝ զգո՞ւմ են գյումրեցիները այդ «մուսկուլների» ուժն իրենց մաշկի վրա:
-Վարչապետի բառապաշարում այդ «պետք ա» բառ շատ-շատ է: Սկսենք փողոցներից, որոնց համար, կարծեմ, պետք է 500 հազար դոլար ներդրվեր: Կոնկրետ Կումայրի փողոցում այդ շինարարության հետ կապված բազմաթիվ տեխնիկական և շինարարական պրոբլեմներ կան. առանց նախագծերի շինարարություն են անում, այսինքն՝ փողոց են քանդում, փողոցների մայթերի մակարդակն իջեցրել են մոտավորապես 30 սանտիմետրով, ինչը ռիսկեր է առաջացրել հարևանների տների համար, որոնք ամուր հիմքեր չունեն:
Վարչապետին մի քանի ամիս առաջ նամակ եմ գրել, որպեսզի մանկապարտեզի խտրականության խնդիրը վերացվի: Բացատրել եմ հանգամանքները, որ իր՝ Երևանի քաղաքապետ ժամանակ ավագանին որոշել էր մանկապարտեզները դարձնել անվճար, բայց մարզերում մանկապարտեզների վճարովի լինելը բերում է խտրականության: Քանի որ առաջին դասարան գնացող երեխաների մի մասը ունեն որոշ գիտելիքներ, մի մասը չունեն այն պատճառով, որ գյուղերում ու որոշ համայնքներում չկան մանկապարտեզներ: Այս մասին հանգամանորեն նամակ եմ ուղարկել վարչապետին: Բայց նամակը ուղարկվել է Տարածքային կառավարման նախարարություն, և նախարարի տեղակալը ասում է՝ «մենք էլ ենք մտահոգված, ուսումնասիրություններ են կատարում»: Բայց ոչինչ չի փոխվում, քանի որ Երևանի մանկապարտեզ գնացող երեխաներն ավելի արտոնյալ վիճակում են, քան մյուս երեխաները: Եվ վարչապետի հետ ունեցածս 1-2 կոնտակտները հուշում են, որ մարդն ուղղակի ճառ ասող է: Չեմ ուզում վատ-վատ բաներ ասել, գուցե մարդն ուզում է, չի ստացվում: Էն օրն, իրենց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին մի առաջարկ էի ուղարկել, որպես կոռուպցիոն ռիսկ, որպեսզի: Գրել էի, որ այդ համակարգում հարկավոր է հասարակական վերահսկողության ինչ-որ մեխանիզմներ մտցնել՝ ներսում չարաշահումներ չառաջանալու համար: Գրել էի, մարդիկ պատասխանել են, որ անհիմն են իմ կասկածները: Դե, հիմա էլ ի՞նչ ասեմ:
-Իսկ բացի 30 սմ իջեցնելուց ի՞նչ է արվել Գյումրու փողոցներում:
-Կարծում եմ՝ վարչապետը, պաշտոնյաներն իրենց պաշտոնավարման ընթացքում ընտանեկան բիզնեսներից, փողերից չպետք է խոսենք, որովհետև մենք իրենցից ընտանեկան ներդրումներ չենք ակնկալում: Եթե լինեն մասնավոր անձիք, բերեն ներդրում անեն, շատ շնորհակալ կլինեմ, փառք ու պատիվ իրենց: Բայց, երբ վարչապետը խոսում է իր անձնական ներդրման մասին, ես մտածում եմ, որ էդ մարդու կարողությունն էդքան է հերիքում: Անում եք,արեք, լավ եք անում, բայց դա քաղաքի խնդիրները որևէ կերպ չի լուծում: Վարչապետը գուցե տեղյակ չէ, որ Գյումրիում 3000–ից ավելի անօթևան ընտանիք կա, գուցե տեղյակ չէ, որ Գյումրիում աղքատությունը մոտ 45 տոկոս:
-Շիրակի մարզպետը մեր կայքին տված հարցազրույցում ասաց, որ անցած տարվանից 10 ներդրումային ծրագիր կա հաստատված, բայց ոչ մեկի համար ներդրումն արված չէ, դեռ մի 30 ծրագիր էլ կա, որ քննարկման փուլում է:
-Բերեք մի քիչ հետ գնամ՝ 2014 թվական: Առաջարկեցի, Գյումրիի քաղաքապետարանը ուղերձ ընդունեց քաղաքում մի քանի փողոց հիմնանորոգելու վերաբերյալ, որի համար անհրաժեշտ էր հատկացնել 1 միլիարդ դրամ: 2 միլիոն դոլարի մասին էր խոսքը. Որպեսզի կառավարությունը սուբվենցիա տար (պետական նպաստ), ասացին՝ բյուջեի մեջ չենք տեղավորվում: Հիմա Գյումրիում պետական աջակցությամբ նորոգվող փողոց մենք չունենք: Քաղաքապետարանը որոշ փողոցների վերանորոգում անում է, բայց դա աննշան բան է: Հիմա վարչապետի խոստացած ներդրումների մասով Կումայրի փողոցում, առանց Մշակույթի նախարարության որևէ քար չէին կարող հանել, առանց թույլատվության մարդիկ մարտից հանել են ողջ սալահատակը, ինչ է՝ վարչապետն ասել է: 2 ամիս պետք է տևեր էդ կոմունիկացիա փոխելը: Բայց, սեպտեմբեր ամիսն է, սալահատակը շարված չի: Բնակիչներից բողոքներ ունեմ, որ մայթերը իջեցնելը վնասում է հին տների հիմքերին, որոնք ամուր չեն: Բնակիչներն, այն օրը բողոքում էին, որ սկսել են այդ հաղորդալարերի գծերն անցկացնել իրենց մասնավոր բակերի միջով: Ասում են՝ բողոքում ենք, բանի տեղ չեն դնում: Հիմա էդպե՞ս է այդ ներդրումը… Վարչապետն ինչպես կվերաբերի, եթե իր տան բակով անցնեն փողոցի հանրային լուսավորման հաղորդալարերն ու սյուները: Դրանք անցկացնեն իր անձնական տան ու բակի միջով: Կամ իր տան դիմացի մայթերը 30 սանտիմետրով իջեցնեն: Նորմա՞լ է:
-Ասացիք՝ շատ է օգտագործում «պետք է» բառը, նաև շատ օգտագործում է լավատեսություն ներշնչող բառեր, մուսկուլների մասին, «խազ» պակաս լինելու մասին:Միգուցե PR տեսանկյունից այս բառերն ու բառակապակցություններն արդարացված են, բայց արդյո՞ք իրականության տեսակետից:
-Այդ ոճական բաները, օտար բառեր օգտագործելը, տո, նույնիսկ, անգրագիտությունը սարսափելի չէր լինի, եթե գործ արվեր: Մարդն, ասենք թե ժարգոն է օգտագործում, բայց կոնկրետ գործ է անում: Մարդիկ կհասկանան, կասեն, լավ չի խոսում, բայց կոնկրետ գործ է անում: Թող խոսի:










