Մի օր գալու է, որ մենք խոսելու ենք միայն կրթության որակի, ոչ թե դպրոցների պայմանների մասին. Տ. Մարգարյան (տեսանյութ)

14:13 • 01.09.17

Համոզված եմ՝ մի օր գալու է, որ մենք արդեն խոսելու ենք միայն կրթության որակի, ոչ թե դպրոցների պայմանների մասին: Սա մեր նպատակներից մեկն է, և մենք հասնելու ենք դրան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Գիտելիքի և դպրության օրվա առիթով Երևանի քաղաքապետը այցելել է մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց և ներկա գտնվել ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկին:

«Այս տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են կատարվել, բայց դրանով պետք է չբավարարվենք: Դեռ շատ անելիք ունենք, այնպես չէ, որ մեր դպրոցները լավ վիճակում են գտնվում, պայմաններն այն չեն, ինչը մենք ուզում ենք: Մենք պետք է հնարավորություն տանք, որ մեր աշակերտները նորմալ պայմաններում սովորեն»,- նշեց նա:

Անդրադառնալով դպրոցների օպտիմալացման հարցին՝ Տարոն Մարգարյանը նշեց, որ Երևան քաղաքում ընդամենը երեք դպրոց է միավորվել: Ըստ նրա՝ միավորմանը գլխավոր նպատակն է եղել ոչ թե ֆինանսական տնտեսումներ կատարելը, այլ կրթության որակի բարելավումը:

«Կրթության և գիտության նախարարության հետ միասին քննարկել ենք, և այն տարածքներում է դպրոցների միավորումը իրականացվել, որի հարակից տարածքում այլ դպրոցներ էլ կան և երեխաների համար խնդիր չի առաջանա: Եթե դպրոցում մանկավարժական կազմը 25 էր, իսկ աշակերտների թիվը 30-40 էր, մենք պետք է դա վերանայեինք»,- հայտնեց Տարոն Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: