Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել
Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասախոսություն է կարդացել, որին ներկա էին Մայր ԲՈՒՀ-ի և ՄՀ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, առաջին կուրսի ուսանողները:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթել է բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ է մաղթել ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:
Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային ու տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։










