Տրանսպորտի նախարարության շենքում ռումբի ահազանգը կեղծ է եղել, տարհանված աշխատակիցները վերադարձել են աշխատավայր (թարմացված, լուսանկարներ)

11:08 • 01.09.17

Այսօր առավոտյան ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքում ռումբ կա։

12.46

ԱԻՆ ՓԾ գնդապետ Արմեն Բադալյանը տեղեկացրեց, որ շենքի 5 հարկը ստուգված է, ահազանգը կեղծ է: Գնդապետի խոսքով՝ ինչ-որ մեկի չար կատակն է եղել: Կինոլոգների խումբը դուրս եկավ, երկու շուն ողջ տարածքը զննելուց հետո ոչինչ չեն հայտնաբերել:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների շենքի տարհանված աշխատակիցները վերադարձել են բնականոն աշխատանքի:

12.20

Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՓԾ գնդապետ Արմեն Բադալյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ մեկ հարկ է մնացել ստուգելու, բոլոր սենյակները ստուգելուց հետո հայտարարություն կանեն:

«Եթե իհարկե կա, կարծում եմ` չկա ռումբ»,- ՓԾ գնդապետը չհերքեց արկածախնդրության վարկածը:
Կինոլոգները և սակրավորները շարունակում են աշխատել:

12.13

Շենքի բակում հերթապահում են ԱԻՆ-ի աշխատակիցները, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ հրշեջ ծառայության մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության աշխատակիցներ, մեկ շտապօգնության մեքենա: ԱԻՆ-ի ներկայացուցիչը հայտնեց, որ ներսում աշխատում են ոստիկանության ու ԱԻՆ-ի աշխատակիցներ և փորձում են հայտնաբերել հնարավոր ռումբը:

Տրանսպորտի, կապի և ՏՏ շենքի հարակից տարածքն առանձնացվել է ժապավեններով:

Նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ շենքը լքելու մասին հրահանգ ստացել են 10.30-11.00-ի սահմաններում, շատ արագ կազմակերպել, դուրս են եկել շենքից, բոլորն այդ պահին գտնվել են աշխատավայրում. «Դուրս ենք եկել ու սպասում ենք ոստիկանների և փրկարարների աշխատանքին: Մենք դրսում իմացանք ահազանգի մասին, թե որքանով է համապատասխանում իսկությանը՝ կպարզի ոստիկանությունը»:

Անահիտ Առաքելյանը տեղեկացրել է, որ նախարարության շենքն ունի 5 հարկ և հսկողություն, որ որևէ կողմնակի անձ մուտք չգործի շենք, բայց շենքի երկրորդ մուտքով կարող են «Հայփոստ» մտնել այլ քաղաքացիներ:

11.08

Այսօր առավոտյան՝ ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքում ռումբ կա։ Դեպքի վայրում են տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ աշխատակիցների տարհանում է կատարվում։