Հայաստանում շուրջ 40 հազ. առաջին դասարանցի գնում է դպրոց, իսկ 9 դպրոց առաջին դասարանցի չունի
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներով կան դպրոցներ, որտեղ առաջին դասարանցիներ չկան:
«Եթե չեմ սխալվում, այս տարի այդպիսիք 9-ն են, հիմնականում Սյունիքի մարզում են, որտեղ 4 այդպիսի դպրոց կա, իսկ մյուս մարզերում՝ մեկական։ Սակայն կան նաև մարզեր, որտեղ այդպիսի խնդիր ընդհանրապես չկա»,-ասաց նա:
Վարչության պետն ասաց, որ անցած տարվա համեմատ այն դպրոցների թիվը, որտեղ ընդհանրապես առաջին դասարանցի չկա, նվազել է և որքանով հիշում է՝ անցած տարի 13 այդպիսի դպրոց կար: Նա հայտնեց, որ ընդհանուր առմամբ առաջին դասարանցիների թվի աճ կա հանրապետությունում:
Աշոտ Արշակյանն ասաց, որ նախատեսվում է, որ հազար աշակերտով կավելանա այս տարվա առաջին դասարանցիների թիվը:
«Նախնական տվյալներով առաջին դասարանցիների բյուջեի պլանավորման թիվը 40 հազար է, բայց ակնկալում ենք, որ կավելանա, այդ ամենը պարզ կլինի կոմպլեկտավորումից հետո»,-ասաց նա:
Տավուշի մարզի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս տարի 8 առաջին դասարանցի ունեն, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի մեծ թիվ է, և աշակերտները ոգևորությամբ էին սպասում այսօրվան:
«Նախորդ տարի եղել է 2 հոգի՝ զույգ էին: Դպրոցը ներկա պահին ունի 52 աշակերտ: Երեխաները բարձր տրամադրությամբ են, քանի որ բոլորս այստեղ հիշում ենք, որ հայրենիքը սկսում է սահմանից»,-ասաց Այդինյանը:
Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանն էլ շեշտեց, թե իրենց համար հակառակորդի կրակոցները դպրոցի դռները փակելու պատճառ չեն դարձել:
«Այս տարի մենք 7 առաջին դասարանցի ունենք, միշտ էլ դպրոցի դռները բաց են եղել ու մեր աշակերտները դասի են գնացել»,-ասաց նա՝ չհստակեցնելով դպրոցի աշակերտների ընդհանուր քանակը, քանի որ դեռևս կարող են ավելացումներ լինել:
Տավուշի մարզի Պառավաքար համայնքում պատկերն ավելի հուսադրող է, քանի որ 24 առաջին դասարանցի ունեն: Համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցում 215-220 աշակերտ կա:
«Սեպտեմբերի 1-ը նշում ենք, այս տարի նաև Պաշտպանության նախարարությունից մարդիկ են եկել»,- ավելացրեց Մարգարյանը:
Իսկ Արծվաբերդ համայնքում 2 դպրոց կա՝ հիմնական ու միջնակարգ՝ համապատասխանաբար ունեն 9 և 19 նոր աշակերտներ: Համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտուշ Մխիթարյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցում սովորում է 226-227 աշակերտ:
«Թիվը դեռ փոփոխական է, քանի որ 1-2 ավելացում կարող է լինել: Իսկ հիմնականի մասին դժվար է ասել, քանի որ մեր համայնքում զինվորականների ընտանիքներ են գալիս և այլն, ու թիվը փոփոխվում է, բայց միշտ եղել է մոտ 120-ի շրջանակում»,-եզրափակեց Արտուշ Մխիթարյանը:










