Շվեդիայում տուգանել են մահմեդական կանանց առաջ բեկոն կերած տղամարդուն
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի դատարանը մեղավոր է ճանաչել 53-ամյա տղամարդուն՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար, քանի որ վերջինս գնացքում բեկոն է կերել երեք մահմեդական կանանց առաջ: Այս մասին հայտնում է Marsta պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականին՝ արվարձանային գնացքում: Ուղևորը սկսել է բեկոն ուտել, չնայած նրա դիմաց նստած է եղել հիջաբ կրող երեք կին: Վերջիններս փոխել են իրենց տեղը, սակայն տղամարդը գնացել է նրանց հետևից և կրկին նստել նրանց դիմաց:
Նշվում է, որ տղամարդուն ներկայացվել է հավատացյալների զգացմունքները վիրավորելու, ինչպես նաև ռասայական կամ ազգային պատկանելիության հիման վրա ատելություն հրահրելու մեղադրանք: Դատական նիստի ժամանակ վերջին մեղադրանքը հեռացվել է:
Դատական նիստի ժամանակ մեղադրյալը հայտնել է, որ կանանց զգացմունքները վիրավորելու նպատակ չի ունեցել և գնացել է նրանց հետևից ներողություն խնդրելու համար, եթե իր գործողությունները վիրավորել են նրանց:
Սակայն դատարանն անուշադրության է մատնել նրա ասածը, քանի որ միջադեպի ականատեսները, ինչպես նաև գնացքում տեղադրված նկարահանող խցիկների տեսագրությունները վկայում են, որ ուղևորը հատուկ է բեկոն կերել մահմեդականների առաջ:
Արդյունքում տղամարդը դատապարտվել է 9 հազար կրոն (1130 ԱՄՆ դոլար) տուգանքի: Դրանից բացի, նա պետք է 5 հազարական (630 ԱՄՆ դոլար) վճարի կանանցից յուրաքանչյուրին:










