Թրամփն իր անձնական միջոցներից մտադիր է 1 մլն դոլար նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անձնական միջոցներից մտադիր է 1 մլն դոլար նվիրաբերել Տեխաս նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժածներին օգնելու համար, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսին:
«Ես գիտեմ, որ նա ասել է, որ ցանկանում է անձամբ փոխանցել այդ գումարը: Ես տեղյակ չեմ գործի իրավական ասպեկտներից, սակայն նա ընդգծեց, որ խոսքը նրա անձնական միջոցների մասին է», - ասել է Սանդերսը:
Թրամփը դեռևս չի որոշել, թե որ կազմակերպությանը կտրամադրի նվիրաբերվող գումարը: Սպիտակ տան ներկայացուցիչն առիթից օգտվելով խնդրել է լրագրողներին առաջարկել առավել հարմար կազմակերպություն, որին կարելի է փոխանցել նվիրատվությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով ամբողջությամբ հեղեղվել է Հյուսթոն քաղաքը: «Հարվին» դարձել է ԱՄՆ տարածքում վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը՝ 2005 թվականին գրանցված «Կատրին» փոթորկից հետո: «Հարվիի» հզորությունը 5-բալանոց համակարգով չորս բալ է կազմել:










