Այսօրվանից ուժի մեջ է մտել Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագիրը
Այսօրվանից ամբողջությամբ ուժի մեջ է մտել Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագիրը, այդ թվում՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը, գրում է Украинская Правда-ն:
Այդ առնչությամբ Ուկրաինայի իշխանություններն արդեն բարեփոխումների նոր փուլ են խոստացել և հեռանկարում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցում:
«Շնորհավորում եմ բոլոր ուկրաինացիներին ԵՄ մեր ճանապարհի նոր փուլի կապակցությամբ: Այսօր ամբողջությամբ ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագիրը: Դա երկկողմ հարաբերություններում չափազանց կարևոր փուլ է»,- գրել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Facebook-ում:
Ուկրաինան ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը 2014 թվականի հունիսին: Նույն տարում նախնական կարգով մասամբ սկսել է գործել համաձայնագրերի քաղաքական մասը: 2016 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող գրեթե բոլոր դրույթները:
ԵՄ խորհուրդը հուլիսի 11-ին հաստատել է Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագիրը: Այդկերպ Եվրամիությունը վերջնականապես ավարտել է համաձայնագրի վավերացումը:










