Կոտայքում կինը ծառից կախված վիճակում հայտնաբերել է  53 –ամյա ամուսնու դին

17:54 • 01.09.17

Կոտայքի մարզի Զորավան համայնքում 1964 թվականին ծնված Խ.Հ.-ն ինքնասպանություն է գործել:

Tert.am-ի հետ զրույցում  Զորավանի համայնքապետ Բաղդասար Թովմասյանն ասաց, որ 53-ամյա կախվել է իրենց տան հարակից այգում ծառից կախվելու միջոցով.«Խ.Հ.-ն մեր համայնքի բնակիչ էր, ապրում էր կնոջ ու որդիների հետ: Նորմալ ընտանիք էր: Սոցիալական խնդիրներ ևս չուներ»:

Նրա խոսքով՝ Խ.Հ.-ի որդիները չափահաս են, ավագ որդին ավարտել է բարձրագույն ուսումնական հաստատությունը, կրտսեր որդին դեռ սովորում է:

Համայնքապետն ասաց, որ վաղ առավոտյան ամուսնուն ծառից կախված հայտնաբերել է կինը:

ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է օգոստոսի 31-ին ժամը 6:30-ին՝ Կոտայքի մարզի «Նաիրի» բժշկական կենտրոնից.«Բժշկական կենտրոնից հայտնել են, որ Զորավան գյուղի բնակիչներից  մեկը ծառից կախվել է»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 6:00-ի սահմաններում նշված գյուղի  այգիներից մեկում պարանով կախված վիճակում տան անդամները հայտնաբերել են Խ.Հ.-ի դին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: