ՊՆ կադրերին ԱԻՆ տեղափոխելը պայմանավորված է նրանց բարձր որակավորմամբ. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ այսօր մեկնարկել է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով: Բացման արարողությանը մասնակցել է ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Նա շրջել է տաղավարներով և ծանոթացել ներկայացված առաջարկների հետ:
Լրագրողների հարցին, թե նախարարը ֆիքսում է անհրաժեշտ համարվող համակարգերը, Տոնոյանը դրական պատասխան տվեց և ասաց, որ դրանք վերաբերում են պաշտպանական ոլորտներին:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ պաշտպանության նախարարության կադրերը տեղափոխվում են ԱԻՆ, նա ասաց, որ պաշտպանության նախարարության աշխատակիցների բարձր որակավորմամբ:
Դիտարկմանը, թե կան Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի թիմեր, ինքը որ թիմում է, Դավիթ Տոնոյանն ասաց, որ նման թիմերի մասին տեղեկություն չունի.«Կա կառավարություն, որն աշխատում է մեկ թիմով»:
Ինչ վերաբերում է 2018 թվականից հետո պաշտոնավարելու հարցին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ դա պայմանավորված է վարչապետի ու նախագահի որոշումներով:
Հարցին,թե ԱԻՆ-ն է Տոնոյանին ավելի հոգեհարազատ, թե ՊՆ-ն, նախարարը պատասխանեց. «Այս պահին ցանկանում եմ բարելավել Արտակարգ իրավիճակների նախարարությունը»:










