Արցախում ձեզ չեն ատում, պարզապես ցանկանում են ազատ ապրել. կանադացի պաշտոնյան՝ ադրբեջանցիներին

14:21 • 02.09.17

Մեր հորդորը շատ պարզ է՝ հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն: Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերն արտասվելով այսպիսի հայտարարություն է արել Արցախում՝ լրագրողների հետ հանդիպմանը:  

Կանադական «One Free World International» կազմակերպության նախագահը, Կանադայի խորհրդարանի պատգամավորն ու խորհրդարանի համայնքների պալատի անդամն Արցախ են եկել, որ համոզվեն, թե որքանով են ճշմարտացի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում արձանագրված ապացույցները, որոնք վկայում են ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների մասին:

Կանադացիները հանդիպել  են հայ պաշտոնյաների, տուժողների ընտանիքների հետ, եղել են դեպքի վայրում, համոզվել այն, ինչ իր զեկույցում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, համապատասխանում է ճշմարտությանը և հակասում համամարդկային արժեքներին: Կանադացի երկու պատգամավորը դիտորդի կարգավիճակով են Արցախում:

«Այս այցից հետո առաջին բանը, որ կանեմ՝ կզեկուցեմ իմ կուսակցությանը: Շատ կարևոր է, որ նրանք իմանան այն ամենի մասին, ինչ ես եմ այստեղ տեսել ու լսել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կանադայի Խորհրդարանի պատգամավոր Ջոնի Քլեմենտը:

Կանադացի պաշտոնյաները մի քանի հորդոր ունեն տարբեր հասցեներով: Մաջիդ Էլ- Շաֆին դրանք երեք խմբում է թվարկում. «Առաջին մեսիջը միջազգային հանրությանն եմ ուղղում. եթե դուք տեսնում եք հանցագործությունը և լռում, ուրեմն մեղսակից եք: Երկրորդ մեսիջը Կանադայի կառավարությանն եմ ուղղում. մի թույլատրեք կանադական ընկերությունները Ադրբեջանին զենք-զինտեխնիկա վաճառեն: Երրորդ մեսիջն ադրբեջանցիներին եմ ուղղում. Արցախում ձեզ չեն ատում, պարզապես ցանկանում են ազատ ապրել»:

Կանադացի պաշտոնյաներն Արցախում տեսածը կամբողջացնեն մեկ զեկույցում և կներկայացնեն  «One Free World International» կազմակերպության հարթակներում՝ Կանադայում, ԱՄՆ կոնգրեսում, Եվրախորհրդարանում: Մաջիդ Էլ-Շաֆին շուտով կրկին Արցախ կգա: Նա ցանկանում է Ադրբեջան գնալ և իր դեմ առաջ քաշված մեղադրանքներին փաստերով պատասխանել, բայց արդեն չի կարող, քանի որ Բաքվի սև ցուցակում է և սպառնալիքներ է ստանում: