Մենք դեռ հաղթանակներ կերտելու անհրաժեշտություն ունենք. ԼՂ պատգամավորը՝ անկախության 26 տարիների մասին

09:47 • 02.09.17

«Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության տոնին ամեն անգամ մտովի տեղափոխվում է 1991 թվական ամառ, երբ բոլորը մտածում էին, թե որն էր լինելու Արցախի համար լավագույն միջոցը, որով հնարավոր կլիներ դուրս գալ ստեղծված վիճակից:

«Շատ լավ հիշում եմ օգոստոս ամսվա քննարկումները, երբ Հայաստանից  մշակութային, քաղաքական գործիչների կողմից հնչում էին առաջարկներ, որ ճիշտ կլինի, որ Արցախը ձևավորի իր կառավարությունը: Այդ ժամանակ Արցախի ժողովուրդները շատ լուրջ որոշում կայացրեցին, որ միակ ճանապարհը Արցախի անկախությունն է, որը Արցախին կտաներ դեպի պատվաբեր պայքարի, դեպի իր իրավունքը պաշտպանելու: Անկեղծ ասած, մենք դա դիտարկում էինք որպես լավագույն ճանապարհը մայր Հայաստանին միանալու համար»,- պատմեց Էդուարդ Աղաբեկյանը:

Նա ցավով նշեց, որ այսօր արդեն նախկինում ունեցած գաղափարական պայքարի՝ Արցախի և Հայաստանի վերամիավորվելու ճանապարհը հստակ տեսանելի չէ: Սակայն հույս հայտնեց, որ Հայաստանին վերամիավորվելը այն իրականությունն է, որին ձգտում են Արցախի ժողովուրդը և նաև Արցախի բոլոր ժամանակների իշխանությունները, և հավատացած են, որ այն իրականություն է դառնալու: «Այսօր Արցախի ժողովուրդը պատվաբեր ձևավոր կառուցում է իր կյանքը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։

Էդուարդ Աղաբեկյանը, խոսելով անկախության տարիներին Արցախի կայացման բացթողումներից, նշեց՝ կարծես թե մեզ մոտ չի ստացվում անել այն, ինչ կարող էինք անել, որ արժանի լինեինք այն մարդկանց, որոնք իրենց կյանքը զոհեցին, որ այսօր արցախցիները ապրեն՝ սոցիալապես ամենաբարձր մակարդակում ապրեն:

«Մենք դեռ չենք հասել, ցավոք, այդ մակարդակին, որովհետև մեր միասնականության կոչերը  չկարողացան դառնալ ապրելակերպ ամբողջ հայության համար: Ես՝ ինքս, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, նկատել եմ, որ մենք չկարողացանք ամբողջ ժողովրդով հասկանալ, որ Արցախի համար, որպես մեր լինելիության հիմնաքար, շատ քիչ բան ենք արել։ Համոզված եմ, որ մենք դա գիտակցելու ենք: Արցախում ապրող մեր ժողովուրդը պետք է ազդակներ ուղարկի ողջ հայությանը, և պետք է այդ ազդակները շեշտադրված ու հասցեական լինեն, որպեսզի մենք կարողանանք այն բացերը, որ այսօր ունենք՝ մեր սոցիալական, մեր պաշտպանական խնդիրները, ազատագրված տարածքները արժանի դարձնելու խնդիրը լուծենք: Մենք շատ քիչ բան ենք արել այդ առումով»,- նշեց նա:

Էդուարդ Աղաբեկյանի խոսքով՝ Արցախի հիմնախնդիրը, որը տարիներ շարունակ իր հանգուցալուծումը միջազգային հանրության կողմից չի ստանում, ունի լուծման երկու մոտեցումներ: Ըստ նրա՝ մեկը միջազգային հանրությանն ինչ-որ բան համոզելն է, մյուսը՝ այն, որ Արցախում գիտակցում են, որ արյան կորուստներով ձեռքբերված ազատությունը պետք է պահել մինչև միջազգային հանրության՝ հիմնախնդիրը կարգավորելը:

«Կա մի արտահայտություն՝ դաշտում նա է հաղթողը, ով սուր է բարձրացնում և բարձրաձայնում հաղթանակի մասին: Մենք դեռ հաղթանակներ կերտելու անհրաժեշտություն ունենք, ներսում խնդիրներ ունենք լուծելու, որոնք ոչ մի կապ չունեն ԼՂ կարգավորման գործընթացի հետ: Մենք ցանկանում ենք հաղթանակ, այն պետք է մեր ձեռքերով կերտենք՝ առանց սպասելու, թե ինչպիսի որոշում կկայացնի միջազգային հանրությունը: Արցախցին պետք է շարունակի արարել, ստեղծել»,- ասաց նա: