Արցախի անկախության տոնին նվիրված ցուցահանդես-վաճառքին մասնակցել են  բրուտագործներ, նկարիչներ Արցախից և Հայաստանից (լուսանկարներ)

19:09 • 02.09.17

Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ  Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական օղակաձև պուրակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք։  «Արցախպրեսի» փոխանցմամբ՝ ցուցահանդես-վաճառքին մասնակցել են բրուտագործներ, նկարիչներ Արցախից և Հայաստանից:

 

Գյումրեցի գեղանկարիչ, խեցեգործ Վազգեն Գևորգյանն արդեն 2-րդ անգամ է, որ Արցախում հանդես է գալիս ցուցահանդես-վաճառքով:

 

«Այս անգամ փորձել ենք այնպիսի աշխատանքներ ներկայացնել, որոնք ավելի շատ կիրառական են և դեկորային: Ցուցադրության հիմնական նպատակն է ներկայացնել այն, ինչ-որ մենք ունեցել ենք և փորձում ենք ամենուր տարածել ու զարգացնել: Արցախում մեծ հետաքրքրություն կա և այստեղ գնահատվում է ձեռքի աշխատանքները»,- նշել է Վ. Գևորգյանը «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում:

 

Վ. Գևորգյանի տեղեկացմամբ՝ ցանկություն կա Արցախում հիմնելու խեցեգործության փոքր-ֆաբրիկաներ, որտեղ կսովորեն և կաշխատեն արցախցիներն առանց տարիքային սահմանափակության և իրենց պատրաստած աշխատանքները կարտահանվեն արտերկիր: