Կիմ Չեն Ընը լուսանկարվել է երկրի երիտասարդական զորքերի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)
Մինչ աշխարհը շունչը պահած սպասում է հնարավոր միջուկային զենքի փորձարկման, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում հյուրընկալել է Կորեայի ժողովրդական բանակի երիտասարդական զորքերին և լուսանկարվել նրանց հետ, հայտնում է The Daily Mail-ը:
Լուսանկարները հրապարակվել են հաղորդումների ֆոնին, որ ԿԺԴՀ-ն ըստ երևույթին երկրի հիմնադրման օրը՝ սեպտեմբերի 9-ին պատրաստվում է իրականացնել միջուկային ռումբի վեցերորդ փորձարկումը:
Ինչպես հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, Կիմ Չեն Ընը լուսանկարվել է «Կորեայի ժողովրդական բանակի երիտասարդական լիգայի առաջատար կազմակերպությունների ակտիվ քարտուղարների» չորրորդ համաժողովի մասնակիցների հետ:
Չնայած գործակալությունը չի նշել միջոցառման օրը, բայց ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել ուրբաթ:
Օրերս երկրի միջուկային փորձարկման վայրի՝ արբանյակից ստացված լուսանկարներ են հայտնվել, որոնք ենթադրություններ են առաջացրել, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային ռումբի վեցերորդ փորձարկում իրականացնել:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը Գուամի վրա հարձակման «նախերգանքն էր»:
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել:
Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:

















