Սխալմամբ միլիոնատեր. աֆրիկացի ուսանողուհին հանկարծակի ավելի քան $1 մլն «կրթաթոշակ» է ստացել (լուսանկարներ)

15:54 • 03.09.17

Հարավաֆրիկյան Հանրապետությունում բնակվող ուսանողուհի Սիբոնգիլե Մանին հանկարծակի միլիոնատեր է դարձել, ինչի պատճառը կրթաթոշակի հաշվարկի սխալն է եղել: Ավելի քան երկու ամիս նա շքեղ կյանք է վարել իր համալսարանի հաշվին, սակայն այս ամենն աննկատ չի մնացել. այժմ նա ստիպված կլինի փոխհատուցել ուսումնական հաստատությանը հասցված վնասը: 

Big Picture-ը գրում է, որ 27-ամյա Սիբոնգիլեն հաշվապահական հաշվառում է ուսումնասիրում Մտատա քաղաքում: Ամեն ամիս նա ստանում է մոտ 108 ԱՄՆ դոլար կրթաթոշակ. ենթադրվում է, որ այս գումարով աղջիկը գնում է սնունդ և ուսման համար անհրաժեշտ պարագաներ: 

Ամռան սկզբին աղջիկը ստուգել է բանկի հաշիվը և մի ամբողջ կարողություն հայտնաբերել: Պարզվել է, որ համալասարանի ֆինանսական գործերի համար պատասխանատու ընկերությունը սխալմամբ 1.1 միլիոն դոլար է փոխանցել ուսանողուհու հաշվին: Այսպես, հունիսի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում Սիբոնգիլեն դարձել է ամենահարուստ ուսանողներից մեկը:

Ուսանողուհին որոշել է ոչ մեկին չտեղեկացնել համակարգի հնարավոր սխալի մասին. նա ճոխ կյանք է վարել, նվերներ գնել իր և ընկերների համար և մեծ երեկույթներ կազմակերպել: Սակայն մի օր ուսանողներից մեկը նկատել է աղջկա բանկային անդորրագիրը, որից պարզ է դարձել, որ նրա հաշվին մեծ գումար կա:

Աղջկա շքեղ կյանքի սկզբից 73 օր անց համալսարանի ֆինանսական հարցերով զբաղվող աշխատակիցները սկսել են ուսումնասիրել միջադեպի հանգամանքները, սակայն չեն կարողացել պարզել՝ ինչպես էր կարող նման սխալ տեղի ունենալ:

Նշվում է, որ ուսանողուհու հաշվից արդեն առգրավվել են գումարի մնացորդները, սակայն նա ստիպված կլինի վերադարձնել ծախսված միջոցները: