«Հարվի» փոթորկի պատճառով Հյուսթոնում 22 դպրոց է ավերվել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում մոտ 12 հազար երեխա հնարավորություն չի ունենա իրենց դպրոցներում սկսել նոր ուսումնական տարին, քանի որ շինություններն ավերվել են «Հարվի» փոթորկի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավերված 22 դպրոցների բոլոր աշակերտները ժամանակավորապես կտեղափոխվեն այլ ուսումնական հաստատություններ: Ուսումնական տարվա սկիզբը պետք է լիներ սեպտեմբերի 11-ին, սակայն այն կարող է դեռ փոփոխվել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգը պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով ամբողջությամբ հեղեղվել է Հյուսթոն քաղաքը:
Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ում տեղացել են ռեկորդային քանակությամբ անձրևներ, ինչի պատճառով Հյուսթոն քաղաքում աղետալի իրավիճակ է ստեղծվել: ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Էլեն Դյուքի խոսքով՝ այժմ մոտ 20.000 մարդ գտնվում է ապաստարաններում:
Հյուսթոնի տարհանված բնակիչներից շատերը՝ 10.000 մարդ, գտնվում են քաղաքի Ջորջ Բրաունի անվան համաժողովների կենտրոնում։ Այս կենտրոնը կարող է ընդունել մինչև 5000 մարդ, բայց երկուշաբթի գիշերը կենտրոնում մնացել է 9.021 մարդ, որոնք քնել են աթոռների վրա և հատակին՝ մահճակալների պակասի պատճառով:
«Հարվին» դարձել է ԱՄՆ տարածքում վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը՝ 2005 թվականին գրանցված «Կատարինե» փոթորկից հետո: «Հարվի»-ի հզորությունը 5-բալանոց համակարգով չորս բալ է կազմել:









