«Պաշտպանական համակարգեր» համաձայնագիրը հնարավորություն կտա շուկայական գնով սպասարկման և վերանորոգման ծառայություններ ձեռք բերել. Արտակ Զաքարյան

14:27 • 06.09.17

Հայաստանը շահագրգռված է միանալ Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև ստորագրված ««Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին»» 2000 թ.-ի փետրվարի 11-ի համաձայնագրին:


«Մեր շահագրգռվածությունը միանալ այս պայմանագրին առաջացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական կոմիտեի համատեղ աշխատանքների շրջանակներում։ Ելնելով մեր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման, սպասարկման և մի շարք այլ կարևոր խնդիրների անհրաժեշտություններից՝ ՊՆ-ն շատ կարևորում է այս համաձայնագրին միանալը, որովհետև դա հնարավորություն է տալու շուկայական գներով սպասարկման և վերանորոգման ծառայություններ ձեռք բերել», - ընդգծեց Արտակ Զաքարյանը:

Պաշտպանության փոխնախարարը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ճկուն է և հնարավորություն է տալիս Հայաստանին ներկայացնել համապատասխան առաջարկներ։ Իսկ Հայաստանն այս պարագայում, նրա համոզմամբ, լիարժեք մասնակցություն է ունենալու որոշումների կայացման գործընթացին, ինչը թույլ կտա օրակարգ ձևավորել ֆինանսաարդյունաբերական խմբի աշխատանքներում։

«Ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնում է ՀՀ-ն, ՀՀ-ն ստանձնում է նաև պարտավորություն և պայմանագիրը վավերացնելուց հետո կառավարությունը պետք ներկայացնի գործարանների այն ցանկը, որոնցով մասնակցելու է արդյունաբերական խմբի աշխատանքներին», - նշեց Զաքարյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարց հնչեցրեց՝  չկա՞ մտավախություն, որ այս գործարաններում ադրբեջանական զենքեր կվերանորոգվեն: Ի պատասխան՝ Արտակ Զաքարյանն ասաց, որ բոլոր զենքերը սերտիֆիկացված են և վերանորոգողը տեսնելու է, թե ինչ զենք է վերանորոգում։

«Ադրբեջանն այնքան խելոք չէ, որ մեզ մոտ զենք վերանորոգի», - հավելեց Արտակ Զաքարյանը։