Արտառոց որևէ բան չի լինելու, ԱՀ նախագահի երդման արարողությունը կկայանա ԱԺ հատուկ նիստում. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությունը կկայանա վաղը` սեպտեմբերի 7-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Արտառոց որևէ բան չի լինելու, սա լինելու է Ազգային ժողովի հատուկ նիստ` նվիրված Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք հյուրեր հրավիրվա՞ծ են` այդ թվում նաև չճանաչված պետություններից, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ որևէ հյուր չեն սպասում: «Ոչ, սա լինելու է ներքին արարողակարգ: Ընդհանրապես, Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացը եղել է շատ ակտիվ, տարբեր դիտորդներ, հյուրեր են եղել բազմաթիվ երկրներից, իսկ հիմա ավելի տեխնիկական խնդիր է և մեծ արարողակարգ չի նախատեսվում»,-ասաց նա:
Նախագահի մամուլի քարտուղարը հայտնեց, որ միշտ էլ համեստ է կազմակերպվել երդման արարողությանը, առավել ևս, քանի որ սա անցումային շրջան է, այդպես է որոշվել:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:










