Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով–Գալուստյանը նոր փաստաբան ունի. նախկինը խոստովանել էր, որ վախենում է պաշտպանել Մարատին

13:37 • 06.09.17

 

Բաքվում բանտարկված ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ Մարատ Ուելդանով֊-Գալուստյանը նոր փաստաբան ունի․ այս մասին Tert.am-ին հայտնեց Մարիանա Միրզոյանը՝ նշելով, որ նոր փաստաբանն իր աշխատանքը սկսել է օգոստոսի 9-ից:

«Նախկին պաշտպանը իր պարտականությունները չէր կարողանում կատարել: Նա ամենասկզբից էլ ասել էր ինձ, որ վախենում է պաշտպանել Մարատին: Ես նրան հասկանում եմ և չարությամբ նրան չեմ վերաբերում»,- նշեց նա։

Մարիանա Միրզոյանն ասաց, որ ինքը չի հավատում, թե եղբոր գործով հաջողություններ կունենան, եղբորն Ադրբեջանում հանգիստ կթողնեն: «Մեր միակ ցանկությունն այն է, որ եղբայրս իր պատիժը ստանա Ռուսաստանում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ:  Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է  8 տարվա ազատազրկման: