Givenchy-ն, Christian Dior-ը, Gucci-ն և այլ բրենդներ կհրաժարվեն չափազանց նիհար և երիտասարդ մոդելներից
Ֆրանսիական LVMH և Kering ընկերությունները, որոնց պատկանում է մի քանի տասնյակ նորաձևության բրենդ, պայմանավորվել են չափազանց նիհար կամ երիտասարդ մոդելների հետ համագործակցությունից հրաժարվելու մասին:
The Local-ի հաղորդմամբ՝ ընկերությունները կանոնների ցուցակ են կազմել, որոնք պետք է երաշխավորեն, որ մոդելների առողջությանը և բարեկեցությանը ոչինչ չի սպառնում: Նրանք արգելում են աշխատանքի վերցնել 34-ից փոքր հագուստի չափսով կանանց և 44-ից փոքր հագուստի չափսով տղամարդկանց:
Դրանից բացի, մոդելները պետք է առնվազն 16 տարեկան լինեն, ընդ որում՝ մինչև 18 տարեկանը նրանց անհրաժեշտ է մեծահասակ ուղեկցող և արգելվում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել:
Նշվում է, որ հոլդինգին պատկանում են մասնավորապես այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Louis Vuitton-ը, Christian Dior-ը, Givenchy-ն, Fendi-ն և Marc Jacobs-ը: Kering-ին պատկանում են Gucci, Bottega Veneta, Alexander McQueen և Saint Laurent բրենդները:










