Գերմանիայի կանցլերի ծայրահեղ աջակողմյան թեկնածուն ուղիղ եթերում լքել է հեռուստաբանավեճը

17:27 • 06.09.17

Բունդեսթագի՝ Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հիմնական թեկնածուներից Ալիս Վայդելն ուղիղ եթերում լքել է հեռուստաբանավեճը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրան խորհուրդ են տվել հեռավորություն պահպանել համակուսակիցներից, որոնք չափազանց արմատական դիրքորոշումներ ունեն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախօրեի երեկոյան ZDF հեռուստաալիքի եթերում անցկացվել են 7 խոշոր գերմանական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճեր:


Բանավեճերի ընթացքում ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի անդամ Անդրեաս Շոյերը մեղադրել է Վայդելին, որ նա չի կարողանում հեռավորություն պահպանել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ծայրահեղ աջակողմյան դեմքերից, ինչպիսին է, օրինակ, մյուս գլխավոր թեկնածուն՝ կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Գաուլանդը կամ Բյորն Հեքեն, որը տարվա սկզբին բացառվել է կուսակցության կազմից, երբ «խայտառակության հուշարձան» է անվանել Բեռլինի կենտրոնում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:

Դրանից հետո Վայդելը հավաքել է իր թղթերը և լքել ստուդիան: Ավելի ուշ նա բանավեճերի մոդերատոր Մարիետա Սլոմկային մեղադրել է կողմնակալության և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար:

Մի շարք լրատվամիջոցների ենթադրությամբ՝ Վայդելի գնալը նախապես պլանավորված է եղել:

Հայտնի է, որ գերմանական խորհրդարանի ընտրությունները, որոնց արդյունքում կձևավորվի կառավարությունը և կընտրվի կանցլերը, կանցկացվեն սեպտեմբերի 24-ին: