Oդաչուն թռել է հզոր «Իրմա» փոթորկի միջով ու այն նկարել (տեսանյութ)
Կարիբյան ծովում մոլեգնում է ուժգնության ամենաբարձր՝ 5-րդ մակարդակը ստացած «Իրմա» փոթորիկը, որը շարժվում է դեպի Կուբա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, ամերիկյան Վիրջինյան կղզիներ ու Ֆլորիդա:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, օդաչու Նիք Անդերվուդը, ցուցաբերելով խիզախություն, ինքնաթիռով մտել է ահռելի փոթորկի մեջ ու ներսից նկարահանել 295 կմ/ժ արագությամբ շարժվող բնական տարերքը: Ավելի ուշ նա հրապարակել է փոթորկի պայմաններում արված ուշագրավ տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է նրա օդանավը ցնցվում:
Հայտնի է, որ Անդերվուդի հավաքած տվյալների հիման վրա մասնագետները կփորձեն կանխատեսել «Իրմա»-ի զարգացման հետագա սցենարը:
The Daily Mail-ը հավելում է, որ Ատլանտյան օվկիանոսում երբևէ ձևավորված ամենահզոր փոթորիկը համարվող «Իրմա»-ն շարժվում է այն ուղղությամբ, որտեղ գտնվում են միլիարդատերեր Ռոման Աբրամովիչի ու սըր Ռիչարդ Բրենսոնի մասնավոր կղզիները, մեծ կալվածքներն ու շքեղ առանձնատները:
Հայտնի է, որ Բրենսոնը հիմա գտնվում է Կարիբյան ծովի Նեկեր մասնավոր կղզում: Չնայած, որ փոթորիկը մոտենում է ու վտանգը շատ մեծ է՝ Բրենսոնը հրաժարվում է լքել կղզին:
Նշվում է, որ 5-րդ մակարդակի փոթորիկները հազվադեպ են լինում: Դրանք ուղեկցվում են մահաբեր քամիներով, տեղատարափ անձրևներով ու ջրհեղեղներով: Համեմատության համար նշվում է, որ ավերիչ «Հարվի»-ն ուժգնության 4-րդ մակարդակն ուներ:
«Իրմա»-ն այնքան հզոր է, որ այն ֆիքսում են նույնիսիկ երկրաշարժերի գրանցման համար նախատեսված սարքերը։










