Ախթալայի հովիվը հաղորդել է, որ Նեղոցի համայնքապետը իր հետ վիճաբանելու է եկել ատրճանակով, համայնքապետը հերքում է

16:12 • 06.09.17

Սեպտեմբեր 5-ին, ժամը 20.35 ոստիկանության ծառայողներից մեկը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ախթալայի եկեղեցու քահանան իրեն հեռախոսազանգով հայտնել է, որ Լոռու մարզի Նեղոց գյուղի համայնքապետը վիճաբանել է իր հետ: 

Քահանան հրավիրվել է բաժին և հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 20.30-ի սահմաններում Նեղոցի գյուղապետն Վարդան Աթանեսյանը եկել է իր տան բակ, վիճաբանել իր հետ, իսկ ձեռքին եղել է ատրճանակ, որը չի օգտագործել:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ կատարվում է հետաքննություն:

Tert.am-ի հետ զրույցում Նեղոցի գյուղապետ Վարդան Աթենասյանը կտրականապես հերքեց միջադեպի վերաբերյալ ամեն ինչ՝ ասելով, որ թյուրիմացություն է եղել, հարթվել է:

Վարդան Աթանեսյանը հերքեց  ոչ միայն իր՝ ատրճանակ ունենալը, այլև Ախթալայի հոգևոր հովվի բակ գնալը. «Իր տան բակ չենք գնացել, գնացել ենք եկեղեցի, մոմ վառել, եկել»: