ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ՌԴ գլխավոր հյուպատոսությունում ամերիկյան ուժայինների գործողությունների տեսանյութը (տեսանյութ)
Ռուսաստանի արտգործնախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ամերիկյան ուժային կառույցների ներկայացուցիչները «անհայտ աշխատանքներ են» իրականացնում Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի շենքի տանիքին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեսանյութն ուղեկցող տեքստում նշվում է, որ ամերիկացի ուժայինները իրենց պահում են ռեյդերների նման, իրենց տանն են զգում առանց թույլտվության, փչացնում են թանկարժեք հատակը: Գերատեսչությունում ընդգծել են, որ հայտնի չէ, թե ովքեր են այդ մարդիկ:
Շաբաթ Վաշինգտոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի և առևտրային ներկայացուցչության շենքերում խուզարկություններ են իրականացվել: Արտգործնախարար Սերգեյ Լավրովն այն գործողություններն անվանել է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է դիմել դատարան: Պետքարտուղարտուղարության ներկայացուցիչը խուզարկությունից հետո հայտարարել է, որ գործողություններն իրականացվել են դիվանագիտական օբյեկտների փակումից հետո և չեն հակասել օրենքին:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն՝ Վաշինգտոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում խուզարկումներ իրականացնելու Վաշինգտոնի ծրագրերի առնչությամբ:
Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը, ինչպես նաև Վաշինգտոնում ու Նյու Յորքում գտնվող առևտրային ներկայացուցչությունները Պետդեպի պահանջով փոխանցվել են ամերիկյան կողմին:
Ավելի վաղ Պետդեպը Ռուսաստանից պահանջել էր մինչև սեպտեմբերի 2-ը փակել Սան Ֆրանցիսկոյում գտնվող հյուպատոսարանն ու Նյու Յորքում, Վաշինգտոնում ՌԴ երկու առևտրային ներկայացուցչությունները: Պահանջն արվել է ի պատասխան ռուսական կողմի առաջարկին առ այն, որ Ռուսաստանում կրճատվի ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը:










