Ինչի՞ ենք ամեն ինչ դնում Ռուսաստանի վերահսկողության տակ. Սասուն Միքայելյանը` ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի համաձայնագրի քննարկմանը
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովն այսօր քննարկեց Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների կողմից ստորագրած փաստաթուղթը՝ երկու երկրների միջև զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ ներկայացված նոր փաստաթղթի նպատակը երկու երկրների ԶՈւ միացյալ խմբավորման կատարելագործմանն ուղղված անհրաժեշտությունն ու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատումն է:
Միացյալ խմբավորման միջոցով, ըստ Արտակ Զաքարյանի, հնարավոր կլինի զինված հարձակմանը, այդ թվում՝ ագրեսիային, ինչպես նաև համատեղ անվտանգության դեմ սպառնալիքներին ու մարտահրավերներին պատասխան տալ:
Զաքարյանը նշեց, որ ՀՀ Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս չեն օգտագործվելու:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց՝ այդ դեպքում ի՞նչ գործ ունեն մեր տարածքում ռուսները:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ Հարավային Կովկասում ուղղություններ կան, որոնք գտնվում են նաև մեր շահերի տիրույթում և համընկնում են ՌԴ շահերի հետ, ուստի Միացյալ զորախումբը հնարավորություն է ստանում միավորել կարողությունները, օգտվել, օրինակ, ՌԴ օդատիեզերական ուժերի հնարավորությունից, որը ամրագրվել է ՀՕՊ համաձայնագրով:
Սասուն Միքայելյանը հարցրեց՝ օդային հարձակման դեպքում Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն որոշում կայացնել և գործողություններ իրականացնել, թե՞ պետք է ստանա Ռուսաստանի համաձայնությունը:
«Ապրիլին, երբ Տավուշի ուղղությամբ կրակում էին, Ռուսաստանը ոչ մի արձագանք չտվեց, իրենց համար նվեր էր, մենք ԵԱՏՄ մտանք առանց Ղարաբաղի, ձեռ քաշեցինք Ղարաբաղից, հիմա նվեր տվեցինք օդային տարածքը։ Ամեն ինչի ինչի՞ ենք տանում դնում Ռուսաստանի վերահսկողության տակ»,- նկատեց Միքայելյանը:
Արտակ Զաքարյանը չհամաձայնեց, ասաց, որ հակաօդային պաշտպանությունը նվեր չէր Ռուսաստանին, դա Հայաստանին էր անհրաժեշտ:
«ՀՕՊ համակարգում մենք շառավղից դուրս էլ ենք կարողանում դիտարկումներ անցկացնել և ագրեսիան գնահատվում է այն պարագայում, եթե ՀՕՊ համակարգի պետը դա դիտում է որպես Հայաստանի օդային տարածքի նկատմամբ վտանգ. այս դեպքում միացյալ համակարգի գործարկմանը կարող է դիմել», - պատասխանեց Պաշտպանության նախարարը:
Սասուն Միքայելյանի ճշտող հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կարող է հակաօդային պաշտպանության անցնել առանց ՌԴ թույլտվության, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Միանշանակ, դա չի նշանակում, որ ՀՕՊ համակարգի ղեկավարը կամ ամեն ինչը ռուսն է։ ՀՕՊ համակարգի ղեկավարը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը, որի հրամաններով համակարգը շարունակում է իր անմիջական պարտականությունները կատարել՝ ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումն ու պաշտպանությունը: Ռազմատեխնիկական համագործակցությունը չի նշանակում, որ ամեն ինչ տանում, նվիրում ենք», - ասաց Արտակ Զաքարյանը:










