Ադրբեջանի համար առարկայական բանակցություններն ունեն մեկ բովանդակություն՝ Ղարաբաղը մեզ տվեք. Շավարշ Քոչարյան

20:22 • 06.09.17

Եթե Ադրբեջանն ուզում է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բովանդակային բանակցություններ սկսել, ապա թող ճանաչի Լեռնային Ղարաբաղը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Վերջինս նշեց, թե Ադրբեջանի համար առարկայական կամ ինչպես իրենք են ասում՝ սուբստանտիվ բանակցություններն ունեն մեկ բովանդակություն՝ Ղարաբաղը մեզ տվեք, փախստականները վերադառնան: Այնինչ, ըստ ԱԳ փոխնախարարի, առարկայական բանակցությունները հետևյալն է. «Հրադադարի ռեժիմը պահպանվի, դիվերսիաներ չլինեն, ռազմատենչ հայտարարություններ չլինեն, հայատյացություն չլինի, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել բանակցային գործընթացի առաջընթացի մասին»:

Շ. Քոչարյանը շեշտեց, որ եթե Ադրբեջանն ուզում է բուն բանակցային գործընթաց սկսվի, ապա «թող բարի լինեն ճանաչեն Ղարաբաղը, որպես երաշխիք, որը չեն կրկնելու նույն ագրեսիան, որը կրկնեցին»:

«Հայկական կողմը ելնում է նրանից, որ միջնորդները առաջարկել են մի ծրագիր, որը հայկական կողմերի երազանքը չի, բայց եկել ենք դրա շուրջ բանակցելու: Բայց բանակցելու համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ»,- ավելացրեց Շավարշ Քոչարյանը: