Թրամփի վերջին որոշումից հետո Չիկագոն արգելել է նախագահի մուտքը քաղաք
Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելը քաղաքը հայտարարել է նախագահ «Դոնալդ Թրամփից ազատ գոտի» ու արգելել ղեկավարի մուտքը:
Ինչպես նշում է The Independent-ը, Էմանուելի հայտարարութան համար հիմք է ծառայել նախագահի վերջին որոշումը, որը վերաբերում է մանուկ հասակում ծնողների կողմից որպես ապօրինի ներգաղթյալ ԱՄՆ բերվածներին աշխատելու հնարավորություն տվող պետական ծրագրի փակմանը:
Չիկագոյի ակադեմիական դպրոցներից մեկում ունեցած ելույթի ժամանակ քաղաքապետը հայտարարել է.«Մեր քաղաքը՝ Չիկագոն, այսուհետ կլինի «Թրամփից ազատ գոտի» (Trump free zone): Դիմում եմ բոլոր «երազողներին»՝ ձեր մուտքն ազատ է Չիկագոյում: Սա ձեր տունն է, ու դուք անհանգստանալու առիթ չունեք: Շարունակեք ուսանել ու հետամուտ լինել ձեր երազանքներին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թրամփը փակել է նախկին ղեկավար Բարաք Օբամայի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված ծրագիրը, որն աշխատելու հնարավորություն է տալիս ապօրինի ներգաղթյալներին:
Խոսքը մինչև 16 տարեկանը լրանալն ապօրինաբար Միացյալ Նահանգներ եկած ներգաղթյալներին աշխատելու հնարավորություն տվող ծրագրի (Deferred Action for Childhood Arrivals (Daca)) մասին է: Այս ծրագիրն առավելապես հայտնի է «Dreamers» («Երազողները») անվամբ:
Նշվում է, որ Օբամայի ներկայացրած ծրագրի շնորհիվ մոտ 800.000 երիտասարդ տղամարդ ու կին հնարավորություն է ստացել օրինական հիմունքներով աշխատանք ունենալ:
Հայտնի է, որ Օբաման անձամբ է դիմել Թրամփին՝ կոչ անելով չփակել ծրագիրն ու նախազգուշացնելով, որ «երազողներին» թիրախավորելը սխալ է:
«Երազողներն» ԱՄՆ-ում բնակվող 11 մլն ապօրինի ներգաղթյալների ստվար մասն են կազմում: Նրանց մեծ մասը լատինամերիկացիներ են՝ հիմնականում Մեքսիկայից: «Երազողների» հիմնական մասն ապրում է Կալիֆորնիայում, մեծ խմբեր կան նաև Տեխասում, Նյու Յորքում, Իլինոիսում ու Ֆլորիդայում:
Դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ Թրամփը խոստացել էր նրանց բոլորին արտաքսել երկրից:
Daca ծրագրի աջակիցների խոսքով՝ դրանում ներառված մարդիկ թեև չեն ծնվել ԱՄՆ-ում, սակայն ամերիկյան կրթություն են ստացել, ինտեգրվել են ամերիկյան հասարակությանը, կյանքի մեծ մասն անցկացրել են Միացյալ Նահանգերում ու չնչին կապեր ունեն ծննդավայրի հետ: Մինչդեռ ծրագրի ընդդիմախոսները բերում են այն փաստարկը, որ ապօրինի ներգաղթյալները խլում են շարքային ամերիկացիների աշխատատեղերը:










