Ոսկետափ գյուղում 80-ամյա բնակիչը սպանված է գտնվել իր տան բակում

09:49 • 07.09.17

 Սեպտեմբերի 6-ին ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կայարանամերձ փողոցի տներից մեկում իր տան բակում սպանվել է 1937 թվականին ծնված Ս.Թ-ն: 


Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված փողոցի թիվ 11 տան բակում հայտնաբերել է 80-ամյա Սարգիս Թադևոսյանի դին՝ բռնության հետքերով։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Սպանության հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Ոսկետափի գյուղապետ Սարգիս Աբրահամյանը Tert.am –ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց սպանվածի մասին: Վերջինս գյուղում հայտնի է «Բուֆետչիկ Սաքո» մականվամբ, նրա կինը մահացել էր վերջերս։


«Անգամ քառասունքը դեռ չի եղել, որդիներն էլ ջահել-ջահել մահացել են: Թոռներ ուներ հարևան գյուղում»,-հավելեց գյուղապետը:


Հարցին՝ ինչո՞ւ կարող էին սպանել 80 տարեկան ծերունուն, Ոսկետափի գյուղապետը պատասխանեց, որ  գյուղում այս մասին վարկածներ չեն շրջանառվում: