«Իրմա» փոթորիկը մասամբ ավերել է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
Երբևէ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր փոթորիկը՝ «Իրման», որը դեպի ԱՄՆ շարժվելու ճանապարհին երեկ անցել է մի շարք Կարիբյան կղզիներով, գրեթե ամբողջությամբ ավերել է դրանցից 2-ը՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տարերային աղետը հիմնովին ավերել է աշխարհում ամենավտանգավորը համարվող Արքայադուստր Ջուլիանայի անվան միջազգային օդանավակայանը, որից թռչող ու որտեղ ժամանող ինքնաթիռներն այնքան ցածր են թռչում, որ քիչ է մնում հարվածեն լողափում հանգստացողներին:


Հայտնի է, որ օդանավակայանը գտնվում է Սենթ Մարտին կղզում, որի շինությունների 95%-ն ավերվել է 295կմ/ժ արագությամբ շարժվող «Իրմա»-ի պատճառով: Քամու բերած մեծ բեկորները հարվածել են կայանված օդանավերին, ամբողջ աղբը թափվել է թռիչքուղու վրա: Բուն օդանավակայանի շինության որոշ հատվածներ փլուզվել են:

Նշվում է, որ փոթորկի մոտենալուց առաջ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, փոթորիկը, որն ունի վտանգի ամենաբարձր՝ 5-րդ մակարդակը, Սենթ Մարտին ու Բարբուդա կղզիներում դարձել է 7 մարդու մահվան պատճառ:
Նշվում Է, որ փոթորիկն անցել է նաև Պուերտո Ռիկոյով, որի բնակչության կեսից ավելին մնացել է առանց հոսանքի, 50.000 մարդ զրկվել է խմելու ջրից, գետերը դուրս են եկել հունից ու ջրհեղեղներ առաջացրել: Այսօր փոթորիկը կանցնի Դոմինիկյան Հանրապետությունով ու Հաիթիով: Այնուհետև այն ճանապարհը կշարունակի դեպի Կուբա՝ ուղղություն վերցնելով դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ:
Ամերիկացի օդերևութաբանների համաձայն՝ «Իրմա»-ն ավելի է սաստկանում: Մասնագետները «հրեշավոր» փոթորկի չափսերը գնահատելիս այն համեմատում են Ֆրանսիայի տարածքի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդայում, Պուերտո Ռիկոյում և ամերիկյան Վիրջինյան կղզիներում, մինչդեռ Բահամյան կղզիների իշխանությունները որոշում են կայացրել տարհանել բնակիչներին:











