Վրաստանում տեղի ունեցած վթարից զոհվածները մայր ու որդի են. հայտնի է նրանց և վիրավորների ինքնությունը (լուսանկարներ, թարմացված)
13։05
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, վիրավորվել է ՀՀ 3 քաղաքացի: Նրանց ինքնությունը պարզվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը:
«Վերը նշված վայրում Թբիլիսիի ուղղությամբ ուղևորվող ՌԴ պետհամարանիշով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան վարել է 1980 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ռոման Հայրապետյանը: Նա անցել է հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է Կազբեկիի ուղղությամբ ուղևորվող Setra մակնիշի, 24 OR 444 համարանիշով ավտոբուսին: Ավտոբուսի ղեկին եղել է 1972 թվականին ծնված Սամվել Մկրտչյանը»,-ասաց Անի Հայրապետյանը:
Նա հայտնեց, որ մեքենաների բախման հետևանքով զոհվել է Mersedec-Benz-ի ուղևոր,1974 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Լուսինե Մինասյանը և 2010 թվականին ծնված Մաքսիմ Մինասյանը:
«Առողջական վնասվածքներ են ստացել վարորդ Ռոման Հայրապետյանը, ուղևորներ՝ 2005 թվականին ծնված Անուշիկ Մալխասյանը և 1993-ին ծնված Ալինա Մինասյանը: Վերջիններս տեղափոխվել են Մցխեթայի բժշկական կենտրոն»,-ասաց Անի Հայրապետյանը:
12.23
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի իր էջում՝ հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներին։
Նշվում է, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի հավելյալ:
12.01
Վրաստանի Մցխեթայի մունիցիպալիտետում տեղի ունեցած վթարի մասնակից հայկական պետհամարանիշով՝ Setra մակնիշի 24 OR 444 ավտոբուսը պատկանում է անհատ փոխադրողի, ով վերջերս է տուգանվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
«Նշված ավտոբուսը օգոստոսի 18-ին ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար տուգանվել է 450 հազար դրամով:Նախարարությանն այլ տվյալներ հայտնի չեն»,-ասացին ՏԿՏՏ-ի լրատվական ծառայությունից:
------------------------------------------------------------------------------------
Այսօր Վրաստանի Նատախտարի շրջանում ավտովթար է տեղի ունեցել, որից հայեր են տուժել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանատնից.
«Նշված վայրում վթար է տեղի ունեցել: Մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում մանրամասները պարզելու և անհրաժեշտ քայլեր կատարելու համար»:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մցխեթայի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։ Ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։ 















