Ամերիկյան Ջորջիա նահանգում վագրը փախել է իրեն տեղափոխող բեռնատարից ու շրջել բնակելի տների մոտակայքում (լուսանկարներ)
ԱՄՆ Ջորջիա նահանգի ոստիկանությունը ստիպված է եղել սպանել ազատության մեջ հայտնված վագրին, որը Ֆլորդիայից Թենեսի տեղափոխվելու ընթացքում փախել է ժամանցային ընկերության բեռնատարից, հայտնում է The Daily Mail-ը:
Ջորջիա նահանգի Հենրի շրջանի ոստիկանությունը ստիպված է եղել փակել միջնահանգային ճանապարհը մի քանի կանչ ստանալուց հետո, որոնց համաձայն մայրուղու հարակից հատվածներում վագր է նկատվել:
Վագրը որոշ ժամանակ անց մոտեցել է բնակելի տների, անգամ ցատկելով դարպասի վրայով՝ հայտնվել տներից մեկի բակում: Այնտեղ նա հարձակվել է Ջորնի անունով շան վրա:
Իշխանությունները նշել են, որ ստիպված են եղել սպանել վագրին, որովհետև չեն ցանկացել վտանգի ենթարկել տանտերերին, ինչպես նաև մոտակայքում գտնվող ճանապարհով անցնող դպրոցականներին:
Հաղորդվում է, որ Ջորնի շունը չնչին վնասվածքներ է ստացել:














